Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 20-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է Իրանի հետ քննարկել ցանկացած հարց՝ սննդի մատակարարման ոլորտում համագործակցությունից մինչև ռազմատեխնիկական ոլորտ։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ջերմորեն ողջունել է բարձրաստիճան հյուրին՝ նշելով, որ նրա այցը Բելառուս ի սկզբանե նախատեսված է եղել այս տարվա հունիսին։ «Անկանխատեսելի հանգամանքների բերումով այն մի փոքր հետաձգվել է։ Բայց, այնուամենայնիվ, այն չի կորցրել իր նշանակությունը,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։- Դուք եղել և մնում եք մեր բարեկամները։ Մենք հավատարիմ ենք բոլոր այն պարտավորությունների կատարմանը, որոնք ստանձնել ենք իրանական հանրապետության առջև։ Դուք եկել եք ձեր ընկերների մոտ և դուք պետք է ձեզ այստեղ զգաք ինչպես ձեր ընկերների մոտ։ Եթե մեզ մոտ լինի որևէ պայմանի չկատարում, որի շուրջ պայմանավորվել ենք, կարծում եմ, որ այդ հարցերը այսօր մենք կքննարկենք անկեղծ և ընկերական զրույցի ընթացքում»։
Ալեքսանդր Լուկաշենկոն նաև հիշատակել է Թեհրան կատարած իր այցերը և Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ հանդիպումները, որոնք, իր խոսքով, լի են եղել ջերմ ընդունելությամբ։ Նախագահը խնդրել է Ալի Խամենեին փոխանցել իր ամենաջերմ բարեկամական մաղթանքները։
Վերադառնալով բանակցությունների օրակարգին՝ պետության ղեկավարն ընդգծել է. «Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց, մենք փակ թեմաներ չունենք։ Մենք պատրաստ ենք համագործակցել ձեր հետ (բոլոր հարցերի շուրջ․ – ԲԵԼՏԱ-ի ծանոթ աղբյուր)՝ ձեր երկրին սննդով ապահովելուց մինչև ռազմատեխնիկական համագործակցություն։ Մեկ անգամ ևս շեշտում եմ՝ այստեղ գաղտնիքներ չկան։ Մենք ընկերություն չենք անում ինչ-որ մեկի դեմ, մենք ամեն ինչ անում ենք մեր ժողովուրդների՝ իրանական և բելառուսական ժողովուրդների բարօրության համար»։
News.am