Լևոն Քոչարյան․ Մենք երբեք չենք բացառել փողոցային պայքարը

Մենք երբեք փողոցային պայքարի էջը փակված չենք համարել, պարզապես դրան զուգահեռ խոսում էինք հնարավոր ընտրությունների մասին, իսկ ընտրություններ, այսպես թե այնպես, լինելու են։ Այս մասին օգոստոսի 19-ին, դատարանի շենքի առջև, որտեղ տեղի է ունենում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գործով նիստը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա բացատրել է, որ «Հայաստան» դաշինքը երբեք չի բացառել փողոցային պայքարը, եթե դա կարող է ինչ-որ բան փոխել։ «Ես ոչինչ չեմ ասի ընտրությունների մասին, դեռ մեկ ամբողջ տարի կա», – հավելել է Քոչարյան կրտսերը։

Պատգամավորն ընդգծել է, որ տեղի ունեցողի նկատմամբ դժգոհություն կա, հասարակությունը անտարբեր չէ։ Նրա խոսքով՝ ընդդիմությունն էլ ձեռքերը ծալած չի նստել։ «Ձևավորվել են տարբեր շարժումներ, որոնք վերջնական նպատակի չեն հասել, բայց եղել են դժգոհության մեծ ալիքներ։ Իշխանությունները ընդդիմախոսների դեմ օգտագործում են վախ և բռնաճնշումներ և դա, ցավոք, որոշ մարդկանց զսպում է մասնակցել բողոքի ակցիաներին կամ դժգոհություն հայտնելուն։ Խոսքը ընդդիմության մասին չէ, ձայն հանողների մեծ մասին ձերբակալում և կալանավորում են», – նշել է Լևոն Քոչարյանը։

Նա սխալ է համարում ինչ-որ բան ինքնանպատակ դարձնելը։ «Մեծածավալ գործողություններ սկսելու համար պետք է վստահ լինել վերջնական հաջողության մեջ։ Հակառակ դեպքում դա սպառնում է հիասթափությամբ», – եզրափակել է պատգամավորը։

News.am