Բաքվի «դատը»․ Ռուբեն Վարդանյանի բողոքը քննության չի առնվել

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, փաստաբան Աբրահամ Բերմանը բողոք է հայտնել «դատական կոլեգիայի» դեմ, որը քննում է Վարդանյանի դեմ «գործը»:

Դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է, որ պաշտպանությունը բազմիցս նման բողոքներ է ներկայացրել, և որ ներկայիս միջնորդությունը նոր տարրեր չի պարունակում: Այդ կապակցությամբ նա բողոքը քննության չի ընդունել։

Այնուհետև Բերմանը իր պաշտպանյալի հետ անձնական փակ հանդիպման միջնորդություն է ներկայացրել։ Աղաևը բավարարել է միջնորդությունը։

Ընդմիջումից հետո դատարանը լսել է «տուժողների» ցուցմունքները:

Հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 26-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա