ԱՄՆ-ն ՌԴ-ի և Կիևի հետ քննարկում Է Պուտինի և Զելենսկու հանդիպման բազմաթիվ վայրեր

ԱՄՆ-ն Ուկրաինայի և Ռուսաստանի հետ քննարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման անցկացման բազմաթիվ հնարավոր վայրեր, հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Կարող եմ ձեզ ասել, որ մեր ազգային անվտանգության թիմը այժմ երկու կողմերի հետ քննարկում է բազմաթիվ տարբերակներ»,- ասել է Լևիտը լրագրողներին՝ պատասխանելով Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպման վայրի մասին հարցին: Մամուլի քարտուղարը նաև հրաժարվել է հաստատել, թե արդյոք Ռուսաստանի ղեկավարն առաջարկել է նման հանդիպում անցկացնել Մոսկվայում ՝ վկայակոչելով քննարկումների «մասնավոր» բնույթը:

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները: Երկու առաջնորդներն էլ հանդիպումը դրական են որակել։ Պուտինը գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել Է Ուկրաինայում հակամարտության ավարտին հասնելու հնարավորության մասին և ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է, որպեսզի կարգավորումը երկարաժամկետ բնույթ կրի:

Թրամփն, իր հերթին, նշել է, որ իրեն Պուտինի հետ հաջողվել է համաձայնեցնել ուկրաինական խնդրի «շատ կետեր», սակայն մի շարք հարցերի շուրջ դեռևս չկան պայմանավորվածություններ: Նույն օրը նա հարցազրույց է տվել Fox News-ին, որում ասել է, որ Ուկրաինայի շուրջ համաձայնության գալու հնարավորությունն այժմ կախված է Զելենսկուց։ ԱՄՆ-ի նախագահը նաև հնարավոր է համարել, որ Ռուսաստանի առաջնորդի առաջարկով հաջորդ հանդիպմանը կայցելի Մոսկվա:

Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը օգոստոսի 16-ին Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ ռուս-ամերիկյան շփումների ընթացքում Պուտինի, Թրամփի և Զելենսկու եռակողմ հանդիպման անցկացման հարցը դեռ չի շոշափվել:

Sputnik Արմենիա