Քաղաքացիները հավաքվել են դատարանի բակում՝ ի աջակցություն Բագրատ Սրբազանի

«Ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն արքեպիսկոպոս Բագրատին»։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոնի նստավայրի բակում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել նման գրությամբ պաստառներով։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին և «Սրբազան շարժման» մյուս մասնակիցներին։

Քաղաքացիներից շատերը հնարավորություն չունեցան դատական նիստին ներկա գտնվելու. կարգադրիչների պատճառաբանությամբ նիստերի դահլիճը փոքր է։

Դատական նիստի մեկնարկին առաջացած խնդրին անդրադարձավ նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նա, դիմելով դատավորին, ասաց, որ նիստերի դահլիճը չափազանց փոքր է նման գործի քննության համար։

Նշենք, որ այս գործով 18 անձ անբաստանյալի կարգավիճակ ունի։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում մեկնարկել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։

Նախնական դատալսումների ընթացքում, ըստ ամենայնի, քննության առարկա կդարձվի նաև խափանման միջոցների հարցը։

News.am