Փամբակի ավագանին հավանություն է տվել Քարաբերդի ոսկու հանքավայրում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելուն

Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանին կողմ է քվեարկել Քարաբերդում ոսկու և բազմամետաղների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը։ Այս մասին հայտնել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։

«Փամբակ համայնքում այսօր, օգոստոսի 19-ին, հերթական անգամ անտեսվեց ժողովրդավարությունը։ Այսօր, 2025 թվականի օգոստոսի 19-ին, ՀՀ Լոռու Փամբակ համայնքի ավագանին, հապճեպ գումարված ավագանու արտահերթ նիստում, կողմ քվեարկեց Քարաբերդում ոսկու և բազմամետաղների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը, ըստ էության՝ Քարաբերդում հանքերի ընդլայնման հեռանկարներին։ 13.08.2025-ին Քարաբերդում տեղի ունեցած լսումները լեգիտիմ չեն, քանզի ընդհատվել են կամայականորեն։ Բացի այդ, քաղհասարակության 23 կազմակերպություններ հայտարարությամբ արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը։ Հետևաբար, Փամբակ համայնքի ավագանու այսօրվա որոշումը, որի հիմքում ոչ միայն ոչ լեգիտիմ լսումներն են, այլև այն չի արտացոլում քաղաքացիների և շահագրգիռ հանրության կարծիքը, միանշանակ բողոքարկվելու է, և Փամբակ համայնքում ժողովրդավարությունը պաշտպանվելու է»,- գրել է Դուլգարյանը։

News.am