Բարերար, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանները բողոքարկել են կալանքը երկարաձգելու որոշումը։
Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
«Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի կողմից 2025 թվականի օգոստոսի 18-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան մուտքագրվել է հատուկ վերանայման բողոք՝ Կարապետյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ»,– ասված է փաստաբանական խմբի հաղորդագրությունում։
Պաշտպանները հիշեցրել են, որ գործարարը կալանավորվել է Մայր աթոռին պաշտպանող հայտարարության համար, և ընդգծել` ստեղծված իրավական աբսուրդային իրավիճակը ոչ միայն հակասում է հենց Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումներին, այլև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին։
Փաստաբանական խումբն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ տեսանյութերում ներկայացված խոսքի համար ևս երկու քրեական վարույթ, որոնք հարուցվել էին 2025 թվականի կրկին հունիսին, 20 օրվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ այս դեպքում 60 օրից ավելի է, ինչ քննություն է իրականացվում:
«Այսինքն՝ իրավապահներն ամբողջությամբ տապալել են պատշաճ ջանասիրության և ազատության կանխավարկածի՝ վերջերս հենց Սահմանադրական դատարանի արձանագրած պարտականությունը: Ստեղծված իրավիճակը քաղաքական հետապնդման ակնհայտ և ուղիղ առկայության մասին վկայող անհերքելի տվյալներ են»,–նշված է հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիա