Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ ամփոփելով Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Զելենսկու հետ եվրոպացի առաջնորդների երեկվա բանակցությունները:
Նա նաև տեղեկացրել է, որ Ուկրաինային աջակցել ցանկացողների կոալիցիայի տեսակոնֆերանսը և Եվրոպական խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենան օգոստոսի 19-ին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին հայտնել է, որ եվրոպացի առաջնորդները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը, եթե Մոսկվան հրաժարվի ուկրաինական հակամարտության ավարտից:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հավելել է, որ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի: Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների ստեղծմանը և ապահովմանը կմասնակցեն նաև ոչ եվրոպական երկրները։ ԱՄՆ-ն այլևս զենք չի տալիս Ուկրաինային, այլ վաճառում է այն եվրոպական երկրների փողերով։
Անդրադառնալով երաշխիքների թեմային՝ Զելենսկին ասել է, որ դրանք կարող են թղթի վրա հայտնվել առաջիկա 7-10 օրվա ընթացքում: Նա նաև հայտարարել է, որ տարածքների հարցը կորոշվի Մոսկվայի և Կիևի միջև, հանդիպման հստակ ամսաթիվ չկա։
«Հենց անվտանգության երաշխիքներից են կախված լինելու Կիևի հաջորդ քայլերը, այդ թվում` տարածքային զիջումների հարցը»,– հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն: Նա հավելել է, որ Թրամփի հետ բանակցություններում Կիևի կոնկրետ զիջումները չեն քննարկվել, ՆԱՏՕ–ին Ուկրաինայի անդամակցությունը այս պահին չի քննարկվում, ինչպես նաև չի քննարկվել եվրոպական և ամերիկյան զինվորականներ Ուկրաինա ուղարկելու թեման:
Հիշեցնենք` այս գիշեր Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկուն։ Նրանք մոտ մեկ ժամ առանձնազրույց են ունեցել։ Այնուհետև համատեղ հանդիպում է անցկացվել եվրոպացի առաջնորդների հետ։ Թրամփն ընդհատել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը Պուտինին զանգելու համար։ ՌԴ նախագահի հետ 40 րոպե տևած զրույցից հետո հանդիպումը շարունակվել է։
Sputnik Արմենիա