Մոսկվան չի ընդունում Ուկրաինայում ՆԱՏՕ-ի երկրների զինվորական անձնակազմի տեղակայման սցենարը, քանի որ դա հղի է հակամարտության անվերահսկելի սրացմամբ՝ անկանխատեսելի հետևանքներով։ Բրիտանացի պաշտոնյաների կողմից ուկրաինական հակամարտության վերաբերյալ արված հայտարարությունների հետ կապված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նման մեկնաբանություն է տվել։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախագահությամբ «ցանկացողների կոալիցիան» համատեղ հայտարարություն էր ընդունել, որում խոսվում էր Ուկրաինայում արևմտյան զինվորական անձնակազմ տեղակայելու մասին, եթե հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվի։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջ. Հիլին, իր հերթին, ուղիղ հայտարարել է, որ «Ալբիոնը» պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ հրադադարը ուժի մեջ մտնելուց հետո այն պահպանելու համար։
«Անքորիջում ՌԴ–ի և ԱՄՆ–ի ղեկավարության կողմից Ուկրաինայի հակամարտության շուրջ համապարփակ, արդար և կայուն կարգավորման հետ կապված ցուցաբերած անկեղծ ցանկության ֆոնին, որը նաև ներառում է դրա արմատական պատճառների վերացումը, Լոնդոնից շարունակում են հայտարարություններ տեղալ, որոնք ոչ միայն հակասում են Մոսկվայի և Վաշինգտոնի ջանքերին, այլև հստակորեն ուղղված են դրանք խաթարելուն», – ասվում է մեկնաբանության մեջ։
Զախարովան նշել է, որ անգլիացիների դերը Ուկրաինայում հակամարտության հրահրման գործում քաջ հայտնի է։ Հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ էլ Լոնդոնում չէին թաքցնում, որ Ուկրինան դիտարկում են բացառապես որպես Ռուսաստանի դեմ ուղղված աշխարհաքաղաքական գործիք։
«Տարիներ շարունակ Մեծ Բրիտանիան փորձում է առաջնորդություն դրսևորել ուկրաինական խամաճիկային ռեժիմին աջակցելու և Ուկրաինայի զինված ուժերին արտաքին օգնություն տրամադրելու հարցում։ Կիևում իրենց հովանավորյալներին խրախուսելով՝ բրիտանացիները նրանց ամուր պահում են եվրատլանտյան և հակառուսական ուղու վրա, ինչը մահացու է Ուկրաինայի ժողովրդի համար։ Լոնդոնը տարված է հակամարտության մեջ խաղադրույքները անընդհատ բարձրացնելու ցանկությամբ և ՆԱՏՕ-ի գործընկերներին մղում է վտանգավոր եզրագծի, որից այն կողմ նոր գլոբալ հակամարտությունը շատ մոտ է», – ասվում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանության մեջ։
Զախարովան ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ առանձին եվրոպական երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հայտարարությունները, ըստ էության, արձանագրում են ուկրաինական ուղղությամբ նրանց բացահայտ սադրիչ և գիշատիչ ձգտումները։
«Ռազմատենչ այս հայտարարությունները, որոնք դե–ֆակտո մարտական գործողությունները շարունակելու ցինիկ հրահրում են, միայն հաստատում են, որ Լոնդոնը հետաքրքրված չէ իրավիճակի կարգավորմամբ, այլ անում է ամեն բան արյունահեղությունը երկարաձգելու համար: Իրենց քաղաքականությամբ անգլիացիները պարզապես հնարավորություն չեն թողնում Կիևին բանակցությունների միջոցով դուրս գալու հակամարտությունից և սովորության համաձայն՝ ամբարտավանորեն և ինքնավստահ երկարաձգում են ուկրաինացի ժողովրդի տառապանքները… Կոչ ենք անում Լոնդոնին հրաժարվել ռիսկային և չմտածված աշխարհաքաղաքական գամբիտներից և առնվազն չխառնվել ռուսաստանցի և ամերիկացի բանակցողների աշխատանքին», – ասվում է մեկնաբանության մեջ:
Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալելու է Վլադիմիր Զելենսկիին և ԵՄ առաջնորդներին։ Նախկինում նա չէր բացառել Պուտինի և Զելենսկիի հետ ապագայում եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն։
Sputnik Արմենիա