Մեղադրողի ապացույցները խախտումների կույտ է. Միքայել սրբազանի գործով դատական նիստն ավարտվեց

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով 2-րդ դատական նիստն ավարտվեց, հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 21-ին։ Այսօր դատարանն ուսումնասիրեց սրբազանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցները, որոնք մեղադրողը համարել է հեղաշրջման կոչ։ Փաստաբանները հակադարձեցին մեղադրողին՝ նկատելով, որ հարցազրույցներում Միքայել սրբազանը մի քանի անգամ կրկնել է, որ ինքն իշխանությունը զավթելու կոչ երբեք չի արել։

«Դատարանում ներկայացված հարցազրույցը ոչ միայն չի հիմնավորում այն, որ Միքայել սրբազանն իբրև թե իշխանության զավթման կոչ է արել, այլև հակառակը՝ 2-րդ հարցազրույցը պետք է պաշտպանական կողմը ներկայացներ որպես մեղադրանքը հերքող ապացույց։ Միքայել սրբազանը մի քանի անգամ հրապարակայնորեն կրկնում է, որ իշխանությունը զավթելու կոչ չի արել»,–ասաց սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը։

Պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանն արդեն լրագրողների հետ զրույցում նկատեց, որ մեղադրանքի հիմքում դրված է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցը, որտեղ, ըստ մեղադրողի, սրբազանը իշխանությունը զավթելու կոչ է արել։

«Մենք ասել ենք, որ շինծու գործ է, հիմա եկել է պահը, որ իրենք պետք է ապացուցեն մեղադրանքը։ Մենք հետազոտում ենք ապացույցը, որտեղ սրբազանն ասում է՝ 6 տարի է ասում եմ, որ հեղաշրջում պետք է արվի։ Տարիներ շարունակ դուք դա հանցագործություն չեք համարել, բայց հիմա ասում եք, թե կոչ է արել։ Հիմա, որ մի քանի տարի հետո նորից պատմի, էլի՞ ասելու են՝ կոչ է։ Կոչ հասկացությունը գոյություն չունի։ Մնացած ապացույցները, որ իրենք ասում են, ապացույց չեն, խախտումների կույտ են։ Պրիմիտիվության մակարդակի են խախտումները, և մենք հատիկ-հատիկ ներկայացնում ենք դրանք»,– նշեց Երեմ Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ մեղադրող կողմի մի շարք խախտումների դեռ դատական նիստերում կանդրադառնան, իսկ գործը զուտ ճնշում գործադրելուն է միտված։

Sputnik Արմենիա