ՀԷՑ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը երեկ` օգոստոսի 18-ին, դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ, տեղեկանում ենք «Դատալեքսից»։

Նրա պահանջը վերաբերում է ՀԷՑ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները պետական գրանցման ներկայացնելուն պարտավորեցնելու, հայցվորին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում վերականգնելու, ինչպես նաև ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող անձի և ժամանակավոր կառավարչի միջև լիազորությունների սահմանները որոշելուն։

Սա Ղազինյանի 2–րդ հայցն է ՀԷՑ–ի դեմ։ Հուլիսի 23–ին հայտնի դարձավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատված Դավիթ Ղազինյանը դատարան է դիմել իր պաշտոնում վերականգնվելու համար։

Դավիթ Ղազինյանը հուլիսի 21-ին հայտարարել էր, որ հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի, սակայն որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը նրան ազատել է պաշտոնից։

Հուլիսի 23–ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։

Sputnik Արմենիա