Հայաստանն ու Իրանը աջակցում են «3+3» տարածաշրջանային հարթակին

Հայաստանը և Իրանը աջակցում են «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակին։ Այս մասին ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ստորագրած համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները աջակցել են տարածաշրջանային համագործակցության մեխանիզմների, այդ թվում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջխաղացմանը։

Միևնույն ժամանակ, Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ Փեզեշքիանը կրկին նշել է, որ Իրանը դեմ է արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումները պետք է անցկացվեն Երևանում և Բաքվում՝ անդամակցող երկրների որոշած հերթականությամբ։

Հիշեցնենք, որ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի վերջին հանդիպումը, որին մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, տեղի է ունեցել Ստամբուլում՝ 2024 թվականի հոկտեմբերին։

Sputnik Արմենիա