ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ գերիների հարցը հայ–ադրբեջանական համաձայնագրում ներառելու ուղղությամբ լուրջ ջանքեր են գործադրվել։ Նա այդ մասին ասաց ուղիղ եթերում ժողովրդին հղած իր ուղերձում։
Փաշինյանը հիշեցրեց, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները սկսվել են 2022թ․ գարնանը։
«Մենք այդ հարցը համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր ենք գործադրել։ Բայց որքան ձգվել են բանակցությունները, հասկացել ենք, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետոյի հարց է։ Իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում։ Եվ այդ կանխավարկածով չառաջնորդվելու արդյունքում է, որ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր մեր 58 հայրենակիցներ վերադարձել են գերությունից»,– ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ եթե այդ հարցը թողնված լիներ խաղաղության համաձայնագրին, դա կարող էր տեղի չունենալ։ Նրա խոսքով՝ այսօր էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։
Sputnik Արմենիա