Լևոն Զուրաբյանը կասկածի տակ է դնում Փաշինյանի գործունակ լինելը

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կասկածի տակ է դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունակ լինելու հարցը: Զուրաբյանը, ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, նշել է, որ «գործ ունեն մի մարդու հետ, որն ադեկվատ չի ընկալում իրականությունը», փորձում է բացարձակապես կողմնակի, գործին չվերաբերող երևույթներով ապացուցել սեփական իրավացիությունը:

ՀԱԿ փոխնախագահի համոզմամբ՝ վարչապետը կառչում է ցանկացած պոզիտիվից իր բերած նեգատիվը ծածկելու նպատակով, գտնվում է ներքին ծանր հոգեբանական պայքարի հոգեվիճակի մեջ, չի կարողանում անգամ հանուն պետականության և հանրային համերաշխության կառավարել էմոցիաները:

«Նիկոլ Փաշինյանը վերադարձավ արձակուրդից և անմիջապես արեց երեք գրառում, որոնցից կարելի է եզրակացնել, որ այսօր Հայաստանը կառավարում է մի մարդ, որն իր մտավոր և հոգեկան վիճակով, մեղմ ասած, ադեկվատ (համարժեք) չի իր գործառույթին»,- նշել է քաղաքական գործիչը:

Վարչապետն առաջին գրառմամբ մեկնաբանել է Երևանում Զեմֆիրայի, Ջենիֆեր Լոպեսի և Արկադի Դումիկյանի համերգներին եկած մարդկանց թիվը՝ դա ներկայացնելով որպես իր կողմից ««Իրական Հայաստան» հորջորջված խաղաղության հաստատման քաղաքականության արդյունք»: Երկրորդ գրառմամբ արձագանքելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումներին՝ ներողություն է խնդրել եկեղեցու վերաբերյալ ֆեյսբուքյան երկու գրառումներում իր օգտագործած արտահայտությունների համար: Երրորդ գրառմամբ սաղմոսի միջոցով Փաշինյանն Աստծուց մեղքերի թողություն է խնդրում իր անօրենության և այդ մեղքերի ամբարշտության համար:

«Խոսքը իրականում վարչապետի գործունակության մասին է, որը մեր օրենսդրությունը նկարագրում է հետևյալ կերպ. անձը կարող է անգործունակ ճանաչվել, եթե 1) նա տառապում է հոգեկան խանգարումով, 2) չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք: Ցավոք սրտի, ի տարբերություն, օրինակ, ԱՄՆ-ի, մեր Սահմանադրությունը ՀՀ ղեկավարին անգործունակ հայտարարելու հստակ սահմանադրական մեխանիզմ չի նախատեսում: Եթե սխալվում եմ, խնդրում եմ իրավաբաններին արձագանքել»,- գրել է Զուրաբյանը:

Armenia Today