Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի նախագահին դիմավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հայտնի է, որ Իրանի նախագահը Հայաստանից հետո կայցելի Բելառուս։
Հայաստան և Բելառուս կատարելիք այցերին ընդառաջ Իրանի նախագահը Թեհրանում հանդիպում է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Իրանի նախագահի պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության համաձայն՝ քննարկվել է Հայաստանի և Բելառուսի հետ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ներդրումների, առողջապահության, շրջակա միջավայրի, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր։
Նշվում է, որ պաշտոնյաները բացահայտել են համագործակցության հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները և քննարկել դրանք հասցեագրելու ռազմավարությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Իրանի և Հայաստանի, ինչպես նաև Իրանի և Բելառուսի միջև առաջիկա համագործակցության համաձայնագրերն ու հուշագրերը՝ շեշտադրելով դրանց ժամանակին իրականացումը։
Իրանի նախագահի այցի շրջանակներում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով։