Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր գործով 2-րդ դատական նիստի ժամանակ դիմեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին՝ շեշտելով՝ գալու է այն օրը, երբ ինքն արդարացվելու է, իսկ իրեն դատողը միշտ մեղավոր է լինելու։
«Ես ձեր դատավարությունից չեմ վախենում։ Ի վերջո, ես արդարացվելու եմ։ Այսօր չլինի, 10, 50 տարի լինի, իմ մահից հետո լինի, ես արդարանալու եմ, բայց Դուք մնալու եք մեղավոր, և Ձեր սիրելիներն են մնալու մեղավոր, Դուք ամաչելու եք Ձեր սիրելիների առաջ, Դուք մայր եք, Ձեր զավակների առաջ ամաչելու եք»,- ասաց Միքայել սրբազանը։
Դատարանի դահլիճում հավաքվածները սրբազանի ելույթից հետո ծափահարեցին։
Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ իր ձերբակալությունն այս իշխանությունների խարանն ու խայտառակությունն է, սակայն չի կարողանում հասկանալ, թե դատավոր Արմինե Մելիքսեթյանին ինչն է դրդում այդ խայտառակության մասնակիցը դառնալ։
«Ես ցավում եմ Ձեզ համար, ինչպես կցավեմ իբրև հոգևորական ցանկացած հայորդու համար, որը սխալ է գործում»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը։
Նա նշեց, որ դատական, իրավական համակարգի հետ ամեն մի շփումից հետո ավելի խոր հիասթափություն է ապրում։ Սրբազանը հավելեց՝ նախկինում դատական համակարգի հետ առնչություն չէր ունեցել, սակայն հունիսի 27-ից սկսած իրավական համակարգն իր աչքերում գլորվում է խորխորատը, ու դրա վերջը չի երևում։
«Այս երկրում կա մեկը, ով սիրում է Սաղմոս ասել, մեջբերումներ անել։ Ես իրեն և Ձեզ կհիշեցնեմ հետևյալը՝ «Տե՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ» (Սաղմոս 34)»,- ասաց Միքայել սրբազանը։
Նա անդրադարձավ իր հաշվառման և բնակության հասցեի փողոցին, որը կոչվում է Արտակ եպիսկոպոս Սմբատյանի անունով․ նա եղել է Շիրակի թեմի առաջին առաջնորդը, որին 1929 թվականից ի վեր բազմիցս ձերբակալել են։
«Ի վերջո, 1937 թվականին 61 տարեկանում նրան մահվան են դատապարտում և գնդակահարում։ Բայց այսօր այդ փողոցը կոչվում է եպիսկոպոս Սմբատյանի անունով։ 1953 թվականին Արտակ եպիսկոպոսն արդարացվեց, և ինքը մնում է արդար։ Իրեն դատողների անունները չկան, վստահ եմ՝ իրենց գերեզմաններին խոտ էլ չի բուսնել, այլ մացառուտ»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը։
Sputnik Արմենիա