Օգոստոսի 18-ին Tashir Arena-ում (Երևանի կրկեսի նորացված շենքում) կայացավ առաջին միջոցառումը. բարեգործական համերգ՝ «Երեխաները՝ երեխաների համար» խորագրով։ Համերգը տեղի ունեցավ կրկեսի ոչ պաշտոնական բացման շրջանակում՝ որպես հատուկ միջոցառում, որը հնարավոր դարձավ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի անձնական նախաձեռնությամբ։
Իր 60-ամյակը Սամվել Կարապետյանը որոշեց նվիրել երեխաներին՝ ներկայացնելով երիտասարդ արտիստների համար պատրաստված նոր բեմը և տոն կազմակերպեց հատկապես նրանց համար, ովքեր հատկապես ջերմության և հոգածության կարիք ունեն: Նրա խնդրանքով նոր Արենայի դռներն առաջին անգամ մեկ երեկոյով բացվեցին ավելի քան 1200 երիտասարդի համար ամբողջ Հայաստանից՝ Վանաձորից, Շիրակից, Հրազդանից, Արտաշատից, Արարատից, Երևանից և այլ քաղաքներից: Հրավիրվածների թվում էին բազմազավակ ընտանիքների երեխաներ, արցախցի ընտանիքներ, ինչպես նաև Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների և և ռազմական գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների երեխաներ:
Սամվել Կարապետյանը կարճ ուղերձ էր հղել իր դստերը՝ Տաթևիկին, ով կյանքի կոչեց այս նախագիծը. «Ես իսկապես ուզում եմ, որ այս օրը հնարավորինս ուրախ լինի: Որ նոր Արենան առաջին անգամ լցվի երեխաների ծիծաղով: Եվ եթե այսօր գոնե մեկ երեխա իրեն երջանիկ է զգա, նշանակում է, որ այս ամենն իզուր չի»:
Նոր Արենայում երեխաներն առաջին անգամ ելույթ ունեցան երեխաների համար, և սա էր համերգի հիմնական իմաստը: Երիտասարդ արտիստներն ու բեմի փոքրիկ հերոսները տոն պարգևեցին իրենց հասակակիցներին: Սա այն անկեղծ բարությունն է, որը փոխանցվում է սրտից սիրտ՝ առանց խոսքերի ու խոչընդոտների, այնպես, ինչպես միայն երեխաները կարող են անել: Համերգային ծրագիրը ներառում էր երաժշտական և պարային համարներ, կրկեսային արվեստ և այլ ստեղծագործական ներկայացումներ, որոնք իրական տոնի և միասնության մթնոլորտ ստեղծեցին:
Համերգի սկզբում ջերմ ու ոգեշնչող խոսքերով երիտասարդ հանդիսատեսին դիմեց «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ և նախագծի հեղինակ Տաթևիկ Կարապետյանը: Նա ընդգծեց, որ այս օրը նվիրված է նրանց՝ երեխաներին, որոնց համար և ստեղծվել է այս ամենը: Իր ելույթում Տաթևիկը կոչ արեց երեխաներին համարձակորեն երազել, հավատալ հրաշքներին և երբեք չնահանջել դժվարությունների առջև:
«Երազանքները թևեր են, որոնք օգնում են թռչել: Նայեք այս զարմանահրաշ Արենային: Իմ երազանքն էր, որ Հայաստանում հայտնվի այսօրվա անկեղծ զգացմունքների, ուրախության վայր: Եվ այսօր դա իրականություն դարձավ, որովհետև դուք այստեղ եք: Մի դադարեք երազել և գործել: Սա միակ ճանապարհն է, որով հրաշքները հնարավոր են», – ասաց Տաթևիկը՝ նշելով, որ ուրախությունն ու անկեղծ հույզերը նոր տարածքը լցնում են հատուկ իմաստով:
Ծրագրում հատուկ տեղ զբաղեցրեցին Գևորգ Գինոսյանի և Սոս Պետրոսյանի անվան կրկեսային դպրոցների սաների ելույթները: Այս խմբերը, չնայած դժվարություններին, մնացին երկրում՝ շարունակելով զարգացնել ազգային կրկեսային արվեստը: «Մեր ուսանողների համար նման միջոցառմանը մասնակցելը պարզապես ներկայացում չէ, այլ երկար տարիների ոգեշնչում: Երբ երեխաները տեսնում են, որ իրենց տաղանդը գնահատվում է, և որ նրանք կարող են կիսել այն երեխաների հետ, իրական սեր է առաջանում իրենց աշխատանքի նկատմամբ: Շատ ուրախալի է, որ մեր երկրում հայտնվել է ժամանակակից և յուրօրինակ հարթակ, որտեղ երեխաների տաղանդները կարող են բացահայտվել և վերածվել մեծ մասնագիտական նվաճումների», – ասաց Պետրոսյանի անվան կրկեսային դպրոցի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
«Նոր բեմի ստեղծումը երիտասարդ արտիստներին ոչ միայն հնարավորություն է տալիս ելույթ ունենալ, այլ նաև սովորել փորձից, աշխատել և զարգանալ համաշխարհային մակարդակի մասնագետների հետ՝ ապագայում ներկայացնելու հայկական կրկեսի նոր սերունդը: Այսօրվա համերգը կարևոր է բոլոր այն երեխաների համար, ովքեր առաջին անգամ կկանգնեն նոր բեմում: Կարծում եմ՝ սա շատ նշանակալից և խորհրդանշական պահ է», – նշեց Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի գեղարվեստական ղեկավար Ավետիս Գինոսյանը:
«Շատ խորհրդանշական է, որ հենց երեխաները առաջինը լցրեցին այս տարածքը լույսով, ուրախությամբ և իմաստով, այդ պատճառով էլ այս առաջին հանդիպումը կարևոր նշանակություն ունի: Մեզ համար սա սովորական համերգ չէ, այլ նորացված Արենայի նոր կյանքի սկիզբ: Թող դրա առաջին ձայնը դառնա մանկական ծիծաղը՝ ամենակարևոր ազդանշանը, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», – նշեց Տաթևիկ Կարապետյանը:
Օգոստոսի 18-ի համերգը Tashir Arena-ի պաշտոնական բացումը չէ: Ինչպես արդեն հայտարարվել է, Արենայի բացման պաշտոնական արարողությունն ու ծրագրային ներկայացումների մեկնարկը տեղի կունենան այս աշնանը: Ճշգրիտ ամսաթվի և ծրագրի մասին կհայտարարվի լրացուցիչ:
Aravot.am