Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին մինչև տարեվերջ ժամանակ տվեց աղբի վերամշակման գործարանի կառուցման համար երկփուլ մրցույթ անցկացնելու և հաղթող կազմակերպության անունը հայտնելու համար։ Նախազգուշացրեց՝ եթե նշված ժամկետում հանձնարարականը չկատարվի, ապա կադրային նոր որոշումներ կկայացնի։
«Սա Երևանի համար ամենակարևոր ու դժվար հարցերից է, հապաղել այլևս չենք կարող»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Ավինյանը՝ Նուբարաշենի աղբավայրում հերթական անգամ բռնկված հրդեհի ու դրա մարման աշխատանքների վերաբերյալ զեկույցից հետո։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով՝ 9 օր տևած աշխատանքներից հետո օգոստոսի 17-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում հրդեհային վտանգը վերացված է։
Նա հիշեցրեց, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 8-ի կեսգիշերին։ Օգոստոսի 9-ի առավոտյան կրակն արդեն ամբողջությամբ մարվել էր, սակայն աղբավայրը ծխում էր ամբողջ ծավալով։ Արեյանի խոսքով՝ հաջորդող 9 օրերի ընթացքում նոր հրդեհի բռնկման ու տարածման կանխարգելման աշխատանքների համար ոչ միայն մոբիլիզացվել է Երևանի քաղաքապետարանի ամբողջ ռեսուրսը, այլև 12 վարչական շրջաններն ու մասնավոր կազմակերպություններ են միացել աշխատանքներին։ Խոսքը վերաբերում է աղբավայր հող տեղափոխելուն և տարածքով հողով ծածկելուն։
«Օրական 20-22 միավոր տեխնիկա հող է տեղափոխել։ Ընդհանուր առմամբ, 9 օրերի ընթացքում 2450 մեքենա հող է տեղափոխվել»,- ասաց Արեյանը։
Փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի խոսքով՝ Նուբարաշենի աղբավայրում հրդեհի օջախները մարելու համար օգտագործվել է 22 035 տոննա ջուր, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 430 փրկարար։
ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղում շուրջօրյա հերթապահություն է նշանակել։
Sputnik Արմենիա