Աղոթքներով Ձեզ հետ ենք․ կաթողիկոսը շնորհավորել է Սամվել Կարապետյանի 60-ամյակը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը շնորհավորել է բարերար, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի 60-ամյակը։

«Պատկառելի այս հոբելյանը դիմավորում եք` գտնվելով հանիրավի ազատազրկման մեջ, ի պաշտպանություն մեր Սուրբ Եկեղեցու դրսևորած Ձեր արիասիրտ կեցվածքի և խրոխտ ոգու համար։ Ցավոք, հնարավորություն չունենք Ձեզ այցելելու և անձնապես մեր բարեմաղթանքները Ձեզ փոխանցելու: Սակայն մեր հոգևորականաց և հավատավոր ժողովրդի հետ միասին աղոթքներով Ձեզ հետ ենք։ Տարակույս չունենք, որ ամուր եք հոգով և աներեր՝ Ձեզ բնորոշ հաստատակամության և սկզբունքայնության մեջ»,- նշված է Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձում։

Վեհափառ հայրապետն ընդգծել է Կարապետյանի տարիների աշխատանքը, որով նպաստել է Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր հայկական համայնքներում առկա բազմաթիվ խնդիրների հաղթահարմանը և զարգացման ծավալուն ծրագրերի իրագործմանը։ Նա բարերարին մաղթել է կենաց արևշատություն, արիություն ու ամրություն փորձությունների մեջ, ուժ ու համբերություն՝ Կարապետյան ընտանիքին։

Sputnik Արմենիա