ԽԱՄԱՃԻԿԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԴԵՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է «ՌՈՒՍԱԿԱՆ ՓՈՂԵՐՈ՞Վ»

«Մոսկվան Արցախ ուղարկեց Ռուբեն Վարդանյանին, որն այսօր ադրբեջանական գերության մեջ է։ Հետո Հայաստան ուղարկեց Սամվել Կարապետյանին, որը ներկայումս կալանքի տակ է, հաջորդը Արա Աբրահամյանն է, իսկ նրանից հետո կգա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հերթը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ռեժիմի հանցակիցների կոհորտայի վերլուծական համայնքի ներկայացուցիչ Առնոլդ Բլեյանը։

ԱՆՏԵՍԵՔ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ՑԻՆԻԿ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ. Հանրային հեռուստաընկերության հյուրերի պարագայում Փաշինյանի քաղաքական հակառակորդների նկատմամբ նման վերաբերմունքը սովորական երևույթ է։ Մնացածներին հիշեցնեմ, որ հայազգի ռուս միլիոնատերերը (միլիարդատերերը), որոնց անուններն այսօր բոլորի ականջին են, երբեք չեն կտրվել Հայաստանից, ուստի «Պուտինի պատվիրակներ» պիտակը նրանց չի կպչում։ Չափազանց ճղճիմ մոտեցում. եթե ռուսաստանցի միլիարդատեր է, ուրեմն, սպասարկում է Պուտինի շահերը, եթե եկել է Հայաստան, ուրեմն՝ Կրեմլի հանձնարարականով…

Համաշխարհային պարբերականների արձագանքը Սամվել Կարապետյանի կալանավորմանը ցույց տվեց, որ Փաշինյանի բռնապետության մասին հայտնի է ՀՀ սահմաններից դուրս։ «Պուտինի պատվիրակներ» թեմայով պասկվիլները պետք եկան միայն ուղեղները լավ լվացած ներքին լսարանի համար։ Իրավիճակի արտառոցությունն այն է, որ երկրի ներսում երիտասարդ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց հայրենակիցների կենսագրության մանրամասների մասին տեղեկանում են արտասահմանյան պարբերականներից: Ստացվում է, որ մեր տանը չենք ճանաչում հարևանությամբ ապրողներին (ապրածներին)։

ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից ռեժիմը խլեց այն ամենը, ինչ հնարավոր էր խլել ՀՀ տարածքում, ներառյալ Երևանի Աբովյան փողոցում գտնվող նախկին Կենտրոնական հանրախանութի («Մանկական աշխարհ») շենքը: Ավելի վաղ օբյեկտի սեփականաշնորհումը կապում էին Աբրահամյանի եղբոր՝ «Օրինաց երկիր» խմբակցության նախկին պատգամավոր Սերյոժայի հետ։ Սերյոժա Աբրահամյանը մասնագիտությամբ ռադիոսարքավորումների ինժեներ-կոնստրուկտոր Է, նա միշտ ունեցել է իր բիզնես ծրագրերը, որոնք կենսագործվել են ոչ այնքան մասշտաբային օբյեկտների մակարդակով:

ԱԺ պատգամավոր էր Արա Աբրահամյանի նաև մյուս եղբայրը՝ Գագիկը։ Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո նա ոչ այնքան նշանակալի պաշտոններ է զբաղեցրել, փոխարենը ՀՀՇ-ի իշխանության օրոք 1993թ. նշանակվել է Նոր Հաճնի «Շողակն» ձեռնարկության տնօրեն: Այդ կապակցությամբ Գերագույն խորհրդում Գագիկ Աբրահամյանին պինդ կպավ «Բռլյանտ» մականունը, որով նա առաջադրվեց 1995թ. խորհրդարանում ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» դաշինքի ցուցակով: Այդ ժամանակ նրա կինը Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Լանչ թայմ» խանութի սեփականատերն էր…

Կրտսեր եղբայրը՝ Արմենը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Ավարտելով գյուղինստիտուտը՝ նա սովորել է նաև Մոսկվայի բարձրագույն կուսդպրոցում, ավելի ուշ Եղեգնաձորի շրջկոմի առաջին քարտուղարից հասել հարկային ծառայության աշխատակցի, իսկ հետո նաև պատվավոր հյուպատոսի պաշտոնի: Ինչպես տեսնում ենք, Արա Աբրահամյանի եղբայրներն ամենատարբեր քաղաքական ուժերի պատգամավորներ էին, ընդ որում երբ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն անցավ ընդդիմության ճամբար, Սերյոժա Աբրահամյանը չլքեց խմբակցությունը ուրիշների օրինակով, այլ բարեկամական հարաբերություններ պահպանեց Բաղդասարյանի հետ…

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ «FORBES»-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԴԵՌԵՎՍ 2010-ԻՆ: Նրա եղբայրը՝ Կարենը, ԱԺ պատգամավոր էր, իսկ ավելի ուշ ստանձնեց նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ս.Կարապետյանը 750 մլն դոլար կարողությամբ հայտնվեց համաշխարհային հայտնի պարբերականի ցուցակում՝ զբաղեցնելով 91 հորիզոնականը: 2015-ին նրա կարողությունը գնահատվեց 4.3 միլիարդ, ուստի նա տեղափոխվեց վարկանիշի 26-րդ հորիզոնական։ Հակառակ Փաշինյանի քարոզչամեքենայի պնդման՝ Կարապետյանը չի թալանել Հայաստանը սեփականաշնորհման ճանապարհով, այլ վաստակել է իր կապիտալները երկրից դուրս։ Նա ընդհանրապես տարբերվում է օլիգարխի սովորական կերպարից։ Կարապետյան եղբայրների հայրը ավելի քան 50 տարի մաթեմատիկա է դասավանդել միջնակարգ դպրոցում, որտեղ տնօրեն է եղել, մայրը անգլերեն է դասավանդել: Որդիներին դաստիարակել են խստությամբ։ Ս.Կարապետյանը երբեք չի սիրել գիշերային կյանքը, չի հաճախել անառակավայրեր, փոխարենը սիրով զբաղվել է երեխաների դաստիարակությամբ և կրթությամբ, միշտ վայելել է այնպիսի մարդու համբավ, որի համար առաջին տեղում աշխատանքն է:

Կարապետյանը տարբեր տարիների կապի մեջ է եղել ՀՀ ղեկավարների հետ, երբեք չի հրաժարվել Արցախի Հանրապետության ղեկավարությանը օգնելուց։ Թյուր պատկերացում կա, թե բոլոր նրանք, ում հաջողվել է միլիարդներ վաստակել ՌԴ տարածքում, ստիպված են կատարել Կրեմլի և ռուսական հատուկ ծառայությունների քաղաքական պատվերները։ Ուզում եմ պարզաբանել, որ լայն հանրությանը հայտնի են հայկական ծագում ունեցող ռուսաստանցի բնավ ոչ բոլոր խոշոր ձեռնարկատերերը։ Նրանցից բնավ բոլորը չեն, որ սերտ հարաբերություններ են պահպանել ՀՀ և Արցախի ղեկավարների հետ։ Կարապետյանը հայտնի է ոչ միայն որպես գործարար, այլև որպես մարդ, որը կանգնած է անհամար բարեգործական ծրագրերի ակունքներում: Վերջին իրադարձությունները պարզաբանում են պահանջում, պետք չէ հավատալ փաշինյանական քարոզչամեքենայի հեքիաթներին. Կարապետյանին ոչ ոք Հայաստան չի ուղարկել, նա հայտնի իրադարձությունների էպիկենտրոնում հայտնվեց, երբ եկել էր հոր քառասունքին, այլ ոչ թե գործող իշխանությանը Պուտինի հրահանգով տապալելու։

Կարապետյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն «իր ձևով» աջակցելու պատրաստակամության մասին արտահայտությունից հետո կալանավորվեց։ Ռեժիմի քարոզչամեքենան պատճառափանեց իրավական կամայականությունը նրանով, թե Կարապետյանը «Պուտինի պատվիրակն» է։ Զարմանալի չէ, որ բանտից Կարապետյանը նախաձեռնեց «սկզբունքորեն նոր տիպի» կուսակցության ստեղծումը։ Ոչ թե Մոսկվայի հանձնարարությամբ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանական քարոզչամեքենայի «անվակներն» ու «պտուտակները», այլ որովհետև կալանավորվելուց հետո լիովին գիտակցեց, թե ինչ փոսի մեջ է հայտնվել երկիրը, գիտակցեց ժողովրդին՝ բռնապետությունից, իսկ Եկեղեցուն կործանումից ու պղծումից փրկելու համար առավելագույն ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։

Քարոզչամեքենան փորձում է ներշնչել զանգվածներին, թե Կարապետյանը չէր արձագանքի հայաստանյան իրադարձություններին առանց Պուտինի ցուցանող և ուղղորդող ձեռքի, իբր՝ միլիարդատերը թքած ունի ամեն ինչի վրա, բայց Պուտինը հրամայել է, և նա հայրենիք է եկել իշխանությունը տապալելու «հատուկ առաջադրանքով»։

«Եթե ընդդիմությանը չհաջողվի…»,- Կարապետյանի կալանավորման պատճառ դարձած արտահայտության բովանդակած այս ենթադրությունը խորհրդանշական է: Ակներև է դատավճիռը տիտղոսային ընդդիմադիրների գործունեությանը. եթե ընդդիմությունն իր բարձրության վրա լիներ և կարողանար անել այն, ինչ պարտավոր է, ապա ո՛չ Եկեղեցին, ո՛չ գործարարները ստիպված չէին լինի ստանձնել նրա աշխատանքը։ Այսօր միլիարդատեր գործարարը ճաղերի հետևում է, իսկ տիտղոսային ընդդիմության ներկայացուցիչները՝ օվկիանոսային թանկարժեք հանգստավայրերում։ Որպես «նայողներ» թողեցին Գառնիկ Դանիելյանին ու Գեղամ Մանուկյանին և նետվեցին վայելելու խորհրդարանական արձակուրդները, ճիշտ է, գաղտնիության բարձր պայմաններում, քանզի ըստ պաշտոնական վարկածի՝ բոլորն իրենց տեղում են, բոլորը շուրջօրյա ռեժիմով պայքարում են ռեժիմի դեմ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ավաղ, բավական զուսպ քննադատեց ընդդիմությանը. կարծում եմ, պատճառը հսկող սարքն է ձախ ոտքին…

Չոր նստվածքում ունենք այն, ինչ ունենք։ Օրինակ, ընդդիմադիր ճամբարից 2-3 հոգի բարձրաձայն զայրանում են, որ Ռոմանոս Պետրոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բոլոր մասնաճյուղերի ղեկավարներ է նշանակել ՔՊ-ականների, այդ թվում՝ Գյումրիի համայնքի ղեկավարի նախկին պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։ Ձեռնարկության մյուս մասնաճյուղերը գլխավորել են ՔՊ անդամներ Արման Սմբատյանը, Տիգրան Հովսեփյանը և այլք:

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԶԲԱՂՎԵՑ ԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾՈՎ։ Այդ գործով նա զբաղվում էր դեռևս Կոտայքի մարզպետ եղած ժամանակ, երբ յուղոտ պաշտոնների էր նշանակում «Իմ քայլը» դաշինքի անդամներին։ Նման կադրային քաղաքականություն է նա վարել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։ Այսուհետ Պետրոսյանի բոլոր ջանքերն ուղղված են ոչ թե էլեկտրացանցերի կառավարման արդյունավետության բարձրացմանը, այլ նրան, որ 2026 թվականի հունիսի 7-ին բոլոր մասնաճյուղերի 6-7 հազար աշխատակիցները մի մարդու պես քվեարկեն ՔՊ-ի օգտին՝ աշխատանքից հեռացված լինելու վախից դրդված։ ՔՊ վերնաշերտը գիտակցում է, որ միայն վարչական ռեսուրսը ընտրություններում հաղթելու համար բավարար չի լինի, պետք է գործի դնել նաև մասնավոր հատվածի ռեսուրսները…

Սա է ազգայնացման ցուցանակի տակ ժամանակավոր կառավարչի նշանակման հիմնական նպատակը՝ հակառակ միջազգային իրավունքի նորմերին, ինչը երկու անգամ մատնանշել է Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը։ Յուրաքանչյուրից, նույնիսկ ամենահարուստ մարդուց, կարելի է խլել անշարժ գույքը, փողը և նույնիսկ կյանքը, բայց ոչ հավատն ու Հայրենիքը, եթե նա ունի այդպիսիք: Տակառներով այն ցեխը, որ Կարապետյանի վրա է լ՚ցնում ռեժիմի քարոզչամեքենան, ամենախոսուն վկայությունն է, որ այս հայը երկրի ու ժողովրդի կյանքում ինչ-որ բան փոխելու կամք ունի։

Վերջին 7 տարիներին հայ հասարակության մեջ մեծ խելքի նշան է համարվում կասկածամտությունը. մարդկանց կասկածում են նրանում, թե նրանց հայրենասիրությունը ինչ-որ մեկի կողմից վճարված է, իսկ հայրենիքը բռնապետից ազատելու ձգտումը դրսի ուժերի պատվերն է: Ուշադրություն դարձրեք, Փաշինյանի քարոզչամեքենան տոտալ անվստահություն է սերմանում Հայրենիքի և քաղաքացիական պարտքի հանդեպ հայերի անկեղծ վերաբերմունքի նկատմամբ։

Քարոզչամեքենան ՔՊ-ի բոլոր հակառակորդներին հետևողականորեն ներկայացնում է իբրև Ռուսաստանի գործակալ։ Զանգվածային գիտակցության մեջ ներարկվում է այն թեզը, թե իրենց հայրենիքը Բաքվի և Անկարայի խամաճիկային ռեժիմից ազատելու համար հայերը կարող են պայքարել միայն արտաքին ուժերի թելադրանքով և ռուսական փողերով։ Խղճի և սրտի կանչով հայերը, հետևաբար, չեն կարող սիրել Հայրենիքը։ Ամենատարածված փաստարկներն են. «Ինչո՞ւ պիտի միլիարդատերն իրեն ենթարկի կալանավորման ու կուլակաթափության սպառնալիքի։ Նա չէր վտանգի իր միլիարդները հայրենասիրության զգացումից ելնելով, այստեղ ակնհայտորեն Կրեմլի պատվերն է»։

Փաստարկները հիմնված են բացասական փորձի վրա. մենք լավ գիտենք միլիարդատերերի, որոնք իրենց հարվածի տակ չեն դնում սնանկացման վախից: Մեկը նստած է խորհրդարանում, մյուսը մարզական նվաճումներ է կերտում, իսկ Կարապետյանը բացառություն է, միայն թե «խելքը շատ» մարդիկ դրան դվարությամբ են հավատում: Շատ ավելի հարմար է ներկայացնել միլիարդատիրոջն իբրև «Պուտինի պատվիրակ», քանի որ եթե հավատան Կարապետյանի անկեղծ հայրենասիրությանը, ապա ստիպված կլինեն հայելու մեջ նայել իրենց։ Փորձեք դուրս գալ այս աշխարհի հարուստների մասին պարտադրված պատկերացումներից, խիզախեք, գուցե ստացվի…