Միխայիլ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ․ ԱԼԻԵՎԸ ԽԱԽՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՐԿՈՒ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ

Իմ տեսանկյունից, Վաշինգտոնում եռակողմ գագաթնաժողովը քարոզչական արշավ է։ Մասնակիցներից յուրաքանչյուրը հետապնդել է իր սեփական նպատակները և հասել դրանց։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

«Թրամփի համար կարևոր էր ամրապնդել իր՝ որպես խաղաղարարի հեղինակությունը։ Փաշինյանի համար կարևոր էր ցույց տալ, ինչպես Չեմբեռլենն էր անում իր ժամանակ, որ ինքը խաղաղություն է բերել Հայաստան։ Դա կարևոր է իր սեփական դիրքերը առաջիկա ընտրություններում ամրապնդելու համար։ Ալիևի համար կարևոր էր աջակցել Փաշինյանի վերընտրությանը հաջորդ ընտրություններում, քանի որ Հայաստանի ցանկացած այլ առաջնորդ հրաժարվելու է Երևանի ներկայիս կառավարության կապիտուլյացիոն քաղաքականությունից։

Բացի դրանից, Ալիևը կարողացավ հասնել երկու կարևոր նպատակի՝ նա ամերիկացիներին ներքաշեց Զանգեզուրի միջանցքի հարցում՝ Իրանի կողմից այս նախագիծը խոչընդոտելու ջանքերին հակազդելու համար։ Միաժամանակ նա ստացավ Ադրբեջանին զենք մատակարարելու ամերիկյան էմբարգոյի վերացումը։ Ալիևը հաջողությամբ հասավ այդ նպատակներին՝ ոչ առանց Իսրայելի աջակցության, որն ամեն կերպ Թրամփին մղում է հյուսիսից Իրանը շրջապատելու գործողություններին։

Հայաստանը գագաթնաժողովից ոչինչ չշահեց, չնայած Փաշինյանն անձամբ հնարավորություն ստացավ շարունակել իր «խաղաղության օրակարգի» հաջողության քարոզչությունը՝ հաջորդ ընտրություններից առաջ։ Իրականում Փաշինյանը հայերին խաղաղություն չբերեց։ Խաղաղության համաձայնագիրը չստորագրվեց, այլ միայն նախաստորագրվեց։ Եվ դա դատարկ թղթի կտոր է։ Բավական է հիշեցնել, թե ինչպես Իլհամ Ալիևը 2011 թվականի հունիսին Կազանում եռակողմ հանդիպման ժամանակ հրաժարվեց ստորագրել արդեն նախաստորագրված փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ։ Իսկ հետո եղան երկու պատերազմներ 2016 և 2020 թվականներին, իսկ 2023 թվականին՝ էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում։

Ես նաև կցանկանայի հիշեցնել, որ Ալիևը խախտեց Հայաստանի հետ արդեն ստորագրված երկու համաձայնագրերը։ Դա 1994 թվականի Լեռնային Ղարաբաղի հրադադարի համաձայնագիրն է և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը։ Այսպիսով, Ալիևին չի կարելի մազաչափ անգամ վստահել։ Դա հատկապես կարևոր է հիշել, քանի որ սահմանների սահմանազատման հիմնական հարցը համաձայնագրում լուծված չէ։ Այն լուծելու համար անհրաժեշտ կլինի նոր համաձայնագիր։ Եվ դա կլինի ժամանակի ռումբ, որը կպայթի, հենց որ Ալիևը զգա հնարավորություն՝ Հայաստանին ևս մեկ հարված հասցնելու։

Եվ նման հնարավորություն հասունանում է ամեն անցնող օրվա հետ, քանի որ ամերիկացիներին Սյունիքում ներգրավելը անխուսափելիորեն կխաթարի Հայաստանի հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ, որոնք կկորցնեն Հայաստանը պաշտպանելու ամբողջ ցանկությունը։ Դե, ամերիկացիները չեն կռվի հայերի համար, հատկապես այն պատճառով, որ Ալիևն ու Էրդողանը որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Միացյալ Նահանգներին Զանգեզուրի միջանցքով անվճար տարանցիկ փոխադրում կապահովեն։

Առայժմ Փաշինյանին հաջողվել է Թեհրանին համոզել չնյարդայնանալ՝ հղում անելով այն փաստին, որ միջանցքը կգործի Հայաստանի ինքնիշխանության հիման վրա։ Սակայն ընտրություններից հետո Փաշինյանը կարող է կտրուկ փոխել իր տեսակետները, ինչպես արդեն բազմիցս արել է։ Ստանալով նոր մանդատ՝ նա կարող է հեշտությամբ վարձակալության տալ միջանցքը ամերիկացիներին, և Թեհրանը պատրաստ չի լինի դրան և ոչինչ չի կարողանա անել։ Ավելին, Իրանի ներկայիս նախագահ Փեզեշքիանն իր վարքագծով շատ է հիշեցնում Գորբաչովին, քանի որ չի կարողանում դիմադրել ԱՄՆ ճնշմանը»,- նշել է քաղաքագետը։

News.am