Նրա խոսքով` մինչև 2024 թ․-ը դպրոցներն ու մանկապարտեզները կառուցվում էին առանց խոչընդոտների։ Ամեն ինչ փոխվեց, երբ 2024 թվականի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց այցելել դպրոցներ և այնտեղ իրականացրեց «կախիչ» օպերացիան։
«Նա քաշեց կախիչը, կախիչը ընկավ, նայեց դպրոցների աշխատանքները, խիստ նկատողություններ տվեց պատկան մարմիններին, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին աշխատանքից հեռացրեց, և այդ խստության արդյունքում մենք ունեցանք մի շատ կարևոր փոփոխություն։ Այդ շոուից հետո մեկ ամսվա ընթացքում մրցույթների գները մի դպրոցի հաշվարկով թանկացան 1 միլիոն դոլարով։ Ամեն դպրոց, որ առաջ կառուցվում էր, օրինակ, 900 միլիոն դրամով, սկսեց կառուցվել 1,4 միլիարդ դրամով։ Այսինքն` եթե ամեն քառակուսի մետրի շինարարությունը և բարեկարգումն արժեր 900 դոլար, դարձավ 1500 դոլար։ Այդ երկու պրոյեկտների մեջ ոչ մի բան չի փոխվել, բացի մի բանից ՝ երկրի ղեկավարը եկել է և տվել սխալ իմպուլս։ Գործարարներին ասել է, որ եթե ինչ–որ աշխատանք լավ որակի չի արվում, խառնվելու են ուժայինները»,– ասում է Կարապետյանը։
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում գործարարները արձագանքելու մի ձև ունեն, նրանք ստիպված են վերանայել գները, վերահաշվարկել ռիսկերը։
Կարապետյանն ընդգծեց, որ Փաշինյանի շոուից հետո 128 դպրոցի կառուցման մրցույթ է տեղի ունեցել։ Դպրոցի քառակուսի մետրի գները այս պահի դրությամբ 1500-1600 դոլար են մնացել՝ 900 դոլարի փոխարեն։
«Այսինքն՝ 128 դպրոցի մեջ մեր երկիրը մոտավորապես 120 միլիոն դոլար փող է կորցրել միայն կախիչ օպերացիայի համար։ Շատ թանկ նստեց մեզ վրա կախիչ օպերացիան և շատ թանկ է ամեն անգամ նստում մեր երկրի ղեկավարի էմոցիոնալ պահվածքը»,– նշում է նա։
Կարապետյանն ընդգծում է` պետք է լինի պատասխանատվություն կրելու հստակ մեխանիզմ։ Պետությանը հաջողություն բերած կառավարչի աշխատավարձային ֆոնդը պետք է աճի, իսկ նա, ով տանուլ է տվել իր պատասխանատվության դաշտում, պետք է պատժվի։
«Իսկ եթե դա տեղի չի ունենում, որովհետև այդ պաշտոնյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ապա տեղի ունեցածը բերում է ոչ էֆեկտիվ պետական կառավարման»,– շեշտում է նա։
Անդրադառնալով ճանապարհաշինությանը` Կարապետյանն ընդգծեց, որ Հայաստանում տարեկան մոտավորապես 500 կմ ճանապարհ է կառուցվում, մինչդեռ հարևան Վրաստանում, առանց ցուցադրական հայտարարությունների և նշաձողների, իներցիայով 1000 կմ ճանապարհ է կառուցվում։
«Հայաստանի կառավարությունը կառուցում է 500 կմ ճանապարհ, և այդ մասին թմբկահարում է ամեն անկյունում։ Դա հերոսություն չէ, դա մեծ կառավարչական հնարք կամ ձեռքբերում չէ, դա նորմալ է… 500 կմ-ն ամենամեծ պոտենցիալը չէ Հայաստանի համար, որի պատճառով 3 միլիոն մարդ պետք է ընտրի մի կուսակցություն, որը բազում խնդիրներ է բերել մեր հայրենիքին»,– նշում է նա։
Կարապետյանի խոսքով` ՀՀ իշխանությունները Հայաստանի անկախության 27 տարվա ընթացքում մինչև 2017 թվականը վերցրել է ընդամենը 6 միլիարդ դոլարի պետական պարտք։ Դրանից հետո 7 տարվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերցրել է ևս 6 միլիարդ դոլարի պարտք, ամեն հայի հաշվարկով` մոտ 2000 դոլարի պարտք. այս կառավարությունը պետական պարտքն ամեն տարի ավելացնում է 1 միլիարդ դոլարով։
«Մեր տնտեսությունը այս պահին աշխատում է նրա վրա, որ ներմուծում և արտահանում է Ռուսաստանի համար։ Որ պահին ռուսական արտահանումն ու ներմուծումը փակվեց, որ պահին Ռուսաստանը խաղաղություն կնքեց Ուկրաինայի հետ, մեր տնտեսության վրա դա կունենա շատ մեծ բացասական ազդեցություն։ Եվ այդ ամբողջ առևտրաշրջանառությունը դուրս կգա մեր երկրից»,– ասում է Կարապետյանը։
Նա ընդգծում է` այդ օրը մենք արդեն կզգանք պետական պարտքի ծանրությունը մեր բյուջեի վրա, իսկ այդ օրը հեռու չէ։
Sputnik Արմենիա