Այն, ինչի մասին Փաշինյանը խոսում էր, դա երկու մարդու որոշում է՝ Բաքվի բռնապետի և Փաշինյանի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Նստել ու որոշել են մեր իրավունքների սահմանը, մեր երազանքներն ու նպատակները։ Իրականում, ինչի մասին որ մենք ենք խոսում արդեն շուրջ 2 տարի, դա մեր բնական իրավունքն է։ Բնական իրավունք, որը միջազգային իրավունք է, որը մեզ ի վերուստ է տրված և որևէ մեկը դա չի կարող փակել, դա չի կարող մեր փոխարեն որոշել։ Սրանք կեղծ թեզեր են, ինչպես 7 տարի շարունակ Փաշինյանը կառուցել և պահել է իր իշխանությունը՝ մոլորության մեջ գցելով ժողովրդին, իր կեղծ թեզերը տալով։ Սա հերթական մանիպուլյացիան է, հերթական մոլորության մեջ գցելն է ժողովրդին։ Այստեղ որևէ ճշմարտություն չկա։
Կարմիր թելով իր ողջ խոսքի ընթացքում գնում էր նաև շանտաժի լեզուն, որով նաև վախեցնում էր ժողովրդին, վախեցնում էր էն հատվածին, ովքեր չեն լռում, ովքեր նպատակ ունեն, ովքեր խոսում են Արցախի մասին և ովքեր մտածում են Արցախ վերադառնալու մասին։ Ուղիղ հնչեց, կարծես թե, սպառնաիք երկրի ղեկավարի կողմից և շանտաժ, որ՝ ով կխոսի, նախ կհետապնդվի, երկրորդ՝ վնաս կտա ՀՀ-ին։ Սա ամենամեծ կեղծիքն է ու սուտը, որովհետև իմ բնական իրավունքի հետևից գնալը չի կարող վնասել ՀՀ-ին։ Եթե մենք Հայաստանում ունենայինք իրական ազգանպաստ, հայրենիքի մասին մտածող իշխանություն, ապա նման իշխանությունները առաջինը կխոսեին 150 հազար ցեղասպանությունից մազապուրծ եղած բռնի տեղահանված իրենց հայրենակիցների իրավունքների մասին»,- ասաց նա։
Yerevan Today