Հայ կրթական հիմնադրամը (ՀԿՀ) կպարգևատրի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և նրա կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին կրթական տեսլականի մրցանակով՝ սեպտեմբերի 7-ին Կալիֆոռնիայի Բևեռլի Հիլզում կայանալիք կազմակերպության 75-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։
«Զոնաբենդը կընդունի մրցանակը ընտանիքի անունից, քանի որ Վարդանյանն այժմ գերության մեջ է Բաքվում՝ Արցախին մատուցած իր աշխատանքի և ծառայության համար», ասվում է հայտարարության մեջ։ Մրցանակը ճանաչում է նրանց ներդրումը համաշխարհային կրթության մեջ և նրանց կարևոր դերը «UWC Դիլիջան»-ի՝ Հայաստանում առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցի հիմնադրման գործում։
Խորհրդի նախագահ Զոնաբենդի և Վարդանյանի ղեկավարությամբ «UWC Դիլիջան»-ը դարձել է միջմշակութային կրթության առաջատար կենտրոն՝ օգնելով Հայաստանին առաջ մղել համաշխարհային կրթական դաշտի առաջատար դիրքերում։
Հաստատությունը հյուրընկալել է ուսանողների 125 երկրներից և զգալի ազդեցություն է ունեցել Դիլիջանի տնտեսության վրա՝ ստեղծելով ավելի քան 2000 տեղական աշխատատեղ և ներգրավելով համայնքին կրթական և սոցիալական նախաձեռնություններում։
ՀԿՀ-ն հիշեցրել է, որ Վարդանյանի և Զոնեբենդի բարեգործական գործունեությունը տարածվում է «UWC Դիլիջան»-ից շատ ավելի հեռու։ Միասին նրանք հիմնադրել են RVVZ ընտանեկան հիմնադրամը, IDeA բարեգործական հիմնադրամը և Scholae Mundi հիմնադրամը, որոնք կենտրոնանում են կայուն զարգացման և կրթական նախաձեռնությունների վրա համաշխարհային մասշտաբով։
Վարդանյանը մեծ ազդեցություն է ունեցել սոցիալ-տնտեսական զարգացման վրա՝ այնպիսի նախագծերի միջոցով, ինչպիսիք են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST): Նա բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է կրթության և համայնքի զարգացման գործում իր ներդրման համար, այդ թվում՝ AIB նախագահական մրցանակը, Common Ground Awards մրցանակները։
2014 թվականին Զոնաբենդը պարգևատրվել է Հայաստանի նախագահի կողմից Բարեկամության շքանշանով, իսկ 2024 թվականին՝ Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) մրցանակով՝ Հայաստանում կրթության զարգացման գործում իր նշանակալի ներդրման համար։
Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բաքվի բանտում պահվող արցախյան ռազմական և քաղաքական ղեկավարության գործը փոխանցվել էր դատարան։ Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում, հաղորդել էր Վարդանյանի պաշտպանական թիմը: 2024-ի դեկտեմբերի 28-ին Բաքուն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկել էր զինվորական դատարան։
Բաքուն 2024-ի հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում Արցախի նախկին ղեկավարներն են։ 2023-ի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԱՀ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Armenia Today