Կա շոու՝ հազվագյուտ հողային մետաղների մասին Զելենսկու հետ ամերիկացիների ստորագրած պայմանագրի տեսքով, և կա իրականություն՝ ՀՌԳ ուժերի կողմից Ուկրաինայի տարածքում հազվագյուտ հողային մետաղների ամենամեծ հանքավայրի նվաճման տեսքով: Այս իրականությունը ի չիք դարձրեց հիշյալ պայմանագիրը։ Կա շոու՝ տարածքային պահանջների փոխադարձ բացակայության մասին Վաշինգտոնում եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ, և կա իրականություն՝ Ադրբեջանի կողմից օկուպացված ինքնիշխան Հայաստանի ավելի քան 240 քառ.կմ տարածքի տեսքով։ Ի դեպ, ընդդիմությունը ելնում է նրանից, որ համաձայնագիրը չի կարելի համարել եռակողմ, քանի որ Թրամփի մասնակցությունը հանգել է «վկա» բնորոշմանը։ Թրամփը լավ շոումեն է, ուստի իր դերը հիանալի խաղաց։ Ի տարբերություն միջնորդների և մասնակիցների՝ նման «խաղաղ գործընթացների» վկաները պատասխանատվություն չեն կրում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման համար։ Ծայրահեղ դեպքում, ինչպես ասաց Թրամփը, կարելի է զանգահարել իրեն …
ԱՅՍՏԵՂԻՑ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ․ ԿԱ ՇՈՈՒ՝ ԹՐԱՄՓԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, և կա իրականություն՝ Մինսկի խմբի լուծարման և Ադրբեջանին զենքի մատակարարման սահմանափակումների վերացման միջոցով Արցախի հարցը վերջնականապես փակելու Փաշինյանի և Ալիևի համատեղ փորձի տեսքով։ 907-րդ բանաձևն ընդունվել էր Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ։ Վաշինգտոնում, ըստ էության, հավանություն տրվեց Արցախում հայկական հետքի, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության անպատիժ ոչնչացմանը: «Բանաձևը չի կարող չեղարկվել առանց Կոնգրեսի աջակցության, ուստի ԱՄՆ-ում հայկական լոբբիստները մեծ աշխատանք ունեն կատարելու»,- հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
Վերջերս արևմտյան մի ազդեցիկ պարբերական ծաղրանկար էր տեղադրել Նոբելյան հանձնաժողովի նիստի վերաբերյալ: Ծաղրանկարում պատկած է հանձնաժողովի անդամներից մեկի ելույթը հետևյալ խոսքերով. «Միգուցե նրան խաղաղության Նոբելյան մրցանա՞կ տանք, թե չէ կռմբակոծի մեզ»։ 12-օրյա պատերազմից և ԱՄՆ-ի կողմից Իրանի ռմբակոծությունից հետո այս ծաղրանկարը դաժան իրողություն է, ինչպեսև այն, որը հստակ ուրվագծվում է է օգոստոսի 8-ից հետո, այն է՝ ԱՄՆ-ը և Իսրայելը նոր ագրեսիա են նախապատրաստում Իրանի դեմ, այդ թվում՝ ցամաքային սցենարով։ Պաշտոնական Թեհրանը փորձում է ամեն կերպ հետաձգել այդ ագրեսիան, որի համար, ըստ Աղաջանյանի, հենահարթակ կարող է ծառայել «Թրամփի ճանապարհը»:
Նա հայտարարեց, որ իշխող վերնաշերտի պարագլուխը «տրամադրել է մեր տարածքը մեր դաշնակիցների թշնամի պետությանը»։ Դիվանագետն ընդգծեց, որ մասնավոր ընկերության հսկիչ ուժերի անվան տակ Սյունիք կգան ռազմականացված ուժեր։ Թեհրանը մտավախություն ունի, որ հաղորդակցությունների բացումից հետո Նախիջևանը հենահարթակ կդառնա Իսրայելի կողմից նոր ագրեսիայի համար։ Իրանից հասկացնել են տալիս, որ Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով Ադրբեջանի «անարգել» կապը չի կապակցվում մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հետ։
Ուշադրություն շեղելով այս ակնհայտ իրականությունից՝ Փաշինյանն ու իր շքախումբը թլսորում են ՀՀ քաղաքացիների ուղեղն այն խոսակցություններով, թե մոտ հեռանկարում հայկական տարածքով անցնելու են նավթամուղներ, գազատարներ և տասնյակ միլիարդավոր դոլարների ապրանքներ։ Փաշինյանը հայտարարեց Երրորդ Հանրապետության տարիների ընթացքում ամենախոշոր ներդրումային ծրագրի մասին։ Մի անգամ նա արդեն խոստացել էր խոշոր ներդրումներ բերել ԵՄ-ից, իշխանությունը զավթելուց անմիջապես հետո։ Ընդդիմությունը խոսում է այն մասին, որ այսօր խաղադրույքը նույն այն 2,6 միլիարդն է, որն այդպես էլ չստացվեց ԵՄ-ից։ Այդ գումարի մի մասը, ինչպեսև ենթադրվում էր, կտրվի վարկերի տեսքով, այլ կերպ ասած՝ ՀՀ քաղաքացիների գրպանի հաշվին ռեժիմի վերնաշերտը տարածք կտրամադրի միութենական պետության դեմ հենահարթակ ձևավորելու համար։
Առանձնակի միամիտները կհավատան երկարաժամկետ խաղաղությանը, միլիարդանոց ներդրումներին, հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Արդեն սկսել են խոսել այն մասին, թե ՀՀ տարածքով նոր նավթամուղով կհոսի ղազախական նավթը, իսկ նոր գազատարով՝ թուրքմենական գազը՝ նորաբաց խոշոր հանքավայրից։ Այդ խողովակաշարերը վերջնականապես կազատեն մեր երկիրը Ռուսաստանից կախվածությունից։ Պարոնայք այնպես են ըմբոշխնում լուսավոր ապագան՝ «Նյու Վասյուկիի» կառուցման ոգով, որ մոռանում են դաժան իրականության մասին, որում Ռուսաստանից կախվածությունը հայկական տնտեսության գոյության ու գոյատևման հոմանիշն է։
ԻՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԱՆՈՒՐՋՆԵՐԻ ՄԵՋ ԲՈԼՈՐԻՑ ԽՈՐՆ Է ԸՆԿՂՄՎԵԼ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա նկարագրեց անվտանգության ապագա համակարգը, որը հանգեց մի պարզ եզրակացության, այն է՝ եթե հայկական տարածքով Չինաստանից Անգլիա գնան միլիոնավոր տոննա բեռներ, ապա Ադրբեջանի հետ հակամարտության վերսկսման դեպքում եվրոպական երկրների արձագանքը միտված կլինի հակամարտության շուտափույթ լուծմանը։ Դա, նախարարի կարծիքով, ակնհայտ է, քանի որ հակառակ դեպքում բեռների ուշացումը կարող է հանգեցնել շուկայում գների աճի և այլ բացասական երևույթների։ Հիրավի աներևակայելի է մտքերի թեթևությունը. նրանց համար ի՞նչ է տուն կառուցելը, կնկարեն՝ կապրեն։ Այսօր նկարում են Հայաստանի ապագան…
Նախընտրական օդային ամրոցների թվին էր պատկանում, հիշեցնեմ, 2021թ. ՔՊ-ի խոստումը՝ բանակցային ճանապարհով վերադարձնել Շուշին և Հադրութը։ Այդ խոստումը տեղ էր գտել Փաշինյանի կուսակցության նախընտրական ծրագրում…
Օդային անրոցներին պետք է հակադրել փաշինյանական ստերի ևս տասնյակ նմուշներ, օրինակ՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ընդունված Սահմանադրության խմբագրմամբ ամրագրված սուպերվարչապետի ինստիտուտի անհապաղ վերացման մասին։ Վարչապետի պաշտոնում ընտրվելուց (երկրորդ փորձի արդյունքում) անմիջապես հետո Փաշինյանը եկավ Հանրային հեռուստաընկերության ստուդիա, որտեղ հրաժարվեց իր ծրագրերից՝ հայտարարելով, որ ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետի ինստիտուտ գոյություն ունենալ չի կարող։ Այսօր Հայաստանում մեկ անձի բացարձակ բռնապետություն է. Փաշինյանը վերահսկում է իշխանության բոլոր ճյուղերը:
Նա միանձնյա է վճռում բոլոր հարցերը, ներառյալ նրանք, որոնք կապված են Հայաստանի տարածքային ամբողջականության հետ։ Ո՞ւր մնաց ժողովրդի թիկունքում ճակատագրական որոշումներ չընդունելու նրա խոստումը։ Փաշինյանը, հիշեցնեմ, խոստացել էր, որ ղարաբաղյան կարգավորման ընդունելի առաջարկի ի հայտ գալու դեպքում կգա Հանրապետության հրապարակ և այդ առաջարկը կկարդա ժողովրդին, որպեսզի ստանա նրա համաձայնությունը։ Ո՞վ էր համաձայնություն տվել նոյեմբերի 9-ին 44-օրյա պատերազմի արդյունքներով եռակողմ հայտարարության ստորագրմանը։ Այն ստորագրվեց ժողովրդի թիկունքում, իսկ ստորագրումից հետո իշխող վերնաշերտի պարագլուխը թաքնվեց ՊՆ բունկերում՝ համաժողովրդական ցասումից խուսափելու համար։
Ժողովրդի թիկունքում (ենթադրաբար՝ մայիսից) բանակցություններ էին ընթանում Վաշինգտոնում փաստաթղթերի ստորագրման շուրջ։ «Գոլոս»-ը պարբերաբար զգուշացրել է սեպարատ բանակցությունների մասին մի ամբողջ հոդվածաշարով, իսկ երբ գաղտնին դարձավ ակնհայտ, ժողովրդին օգոստոսի 11-ին առաջարկեցին բավարարվել Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի տեքստով, իսկ գործարքի մյուս մանրամասները մնացին կադրից դուրս։ Փաշինյանը բաց տեքստով խոստովանեց, որ չի խորացել մանրամասների մեջ, օրինակ՝ այն հարցի վերաբերյալ, թե ով է վերահսկելու Հայաստանի տարածքով բեռների «անարգել» տեղաշարժը։
Վաշինգտոնյան շոուն ազդարարում էր պետությունների չմիջամտում միմյանց ներքին գործերին, իսկ իրականում Ալիևը փաստաթղթերի ստորագրումից անմիջապես հետո մատնանշեց, որ Հայաստանին տնային աշխատանք է սպասվում՝ Սահմանադրությունը փոխելու տեսքով, մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը մեր երկրի ներքին գործն է։
Վաշինգտոնում անցած շոուն վերաբերում էր նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, իսկ իրականում ոչ ոք չի հավատում, թե Ադրբեջանը զորքերը հետ կքաշի բռնազավթած 240 քառ. կմ հայկական տարածքից։ Ոչ ոք չի հավատում, թե Ալիևը կհրաժարվի Սյունիքի մարզի տարածքում «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարից…