Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերը, որոնք կառուցվել են դեռ 1950-ականների կվերականգնվեն։ Կառավարությունը հաստատեց նախագիծը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ շենքերը երբեք չեն հիմնանորոգվել, գտնվում են վթարային վիճակում․ արտաքին սալիկապատման մեծ մասը քայքայված է, տանիքը՝ վնասված, անձրևաջրերը հոսում են ներս, ինչի պատճառով տրանսպորտային միջոցների սպասարկումն անհնար ու վտանգավոր է դարձել։
«Հիմնանորոգման նախագծի նախահաշվային արժեքը կազմում է մոտ 1.15 մլրդ դրամ, սակայն պայմանագրով ընդհանուր գումարը սահմանվել է 955 մլն դրամ։ Շենքերի հիմնանորոգման համար կտրամադրվի 936.8 մլն դրամ, տեխնիկական հսկողության համար 11.9 մլն դրամ, հեղինակային հսկողության համար` 6.5 մլն դրամ։ Քաղաքապետարանը և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը նշում են, որ հիմնանորոգումը կարևոր է ոչ միայն շենքերի անվտանգության, այլև նոր ներկրվող տրոլեյբուսներն ու էլեկտրաբուսները սպասարկելու համար` նոր շարժակազմը պահանջում է համապատասխան տեխնիկական կայան»,– նշված է նախագծում։
Ֆինանսավորումը կիրականացվի պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցներով, այսինքն՝ լրացուցիչ հարկաբյուջետային բեռ չի ստեղծվելու։
Sputnik Արմենիա