«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով։ Այդպիսի որոշում կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով փաստաբաններն այսօր բոյկոտել են դատական նիստը։ Դատավորը մեղադրողների միջնորդությունը բավարարեց առանց փաստաբանների ներկայության։
«Վարույթը գտնվում է նախնական դատալսումների փուլում, միջդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի հիմքերն ու պայմանները չեն նվազել, չեն փոխվել։ Խոչընդոտելու և հանցանք կատարելու ռիսկերը տվյալ վարույթի սույն փուլում բարձր են, և այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,– հայտարարեց Ֆարխոյանը։
Բագրատ Սրբազանը դատավորին շնորհակալություն հայտնեց ազնիվ, առանց խաբեության դրսևորման համար։
«Այնքան լավ եմ զգում ինձ, որ այլ որոշում դուք չկայացրեցիք, որովհետև դա ինձ համար մահ կլիներ։ Լիդյա Մանթաշյանի կալանավորումը երկարացնելուց հետո ես գետնի տակ կմտնեի, ամոթ ինձ, եթե դուրս գայի այստեղից։ Շնորհակալություն ձեզ, որ չարեցիք այդ քայլը»,– նշեց Բագրատ Սրբազանը։
Դահլիճում հավաքվածները ծափերով ողջունեցին սրբազանի խոսքը։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը («հեղաշրջման գործով»)։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա