Логотип

Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով փաստաբաններն այսօր բոյկոտեցին դատական նիստը։ Գործով մեղադրյալ Արա Ռոստոմյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեղադրյալների պաշտպաններն այս քայլով բողոք են արտահայտում ընդդեմ դատական իշխանության և նախագահող դատավորի։

«Պաշտպանական կողմը միակարծիք է, որ այսօր դատական նիստերի դահլիճում չի իրականացվելու արդարադատություն, որի նախադեպը մենք տեսել ենք Լիդյա Մանթաշյանի գործով։ Եթե մենք ասում են, որ արդարադատություն չի իրականացվում, գնանք, լեգիտիմացնե՞նք դատարանի գործողությունները»,– ասաց Հովհաննիսյանը։

Փաստաբանն ընդգծեց, որ սա պաշտպանական թիմի կողմից բողոքի առաջին, բայց ոչ վերջին գործողությունն է, սակայն հետագա գործողությունների հետ կապված այլ մանրամասներ չհայտնեց` նշելով, որ դեռ կտեղեկացնեն։

Հովհաննիսյանը պարզաբանեց, որ այս փուլում հանրային պաշտպանների դատարանը չի կարող ներգրավվել, քանի որ 3 անգամ պետք է անհարգելի ճանաչի փաստաբանի բացակայությունը, ինչպես նաև պետք է լինի պաշտպանյալի համաձայնությունը։

Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը («հեղաշրջման գործով»)։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Sputnik Արմենիա