Логотип

Անհետ կորած և գերեվարված արցախցիների հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ

Անհետ կորած և գերեվարված արցախցիների հարազատները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ։

«ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո կտրվել է կապի խողովակն անհետ կորած ու գերեվարված արցախցիների հարազատների ու պետական մարմինների միջև»,– բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ կառավարության շենքի դիմաց հավաքվել են 2023թ․ սեպտեմբերի պատերազմի, ինչպես նաև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորածների հարազատները, հաստատված գերի հանդիսացող անձանց հարազատները, ինչպես նաև նրանք, ում հարազատները զոհվել և հուղարկավորվել են Արցախում, տևական ժամանակ է բարձրաձայնվում է նրանց արտաշիրիմումում կազմակերպելու և Հայաստան տեղափոխելու հարցը։

«Որոշակի առումով ձևավորված էր պետական կառույցների հետ աշխատանքի խողովակ, գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովը ղեկավարում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանը, հարազատներն առիթներ են ունեցել հանդիպելու նրա հետ, հավաստիացումներ ստանալու, որ աշխատանքներ են արվել և արվում, Աբազյանի պաշտոնաթողությամբ պայմանավորված՝ հարազատները մինչ օրս տեղեկացված չեն, թե պետական համակարգում ով է զբաղվում կամ կա՞ որևէ մեկը, որ զբաղվում է այդ հարցով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ լավագույն տարբերակն այն կլիներ, որ ձևավորված խողովակներն ու աշխատանքի փորձը հնարավոր լիներ շարունակել, այդ թվում՝ որևէ կերպ Աբազյանի ներգրավվածությամբ։

Ստեփանյանը տեղեկացրեց, որ մի խումբ հարազատներ մի անգամ հանդիպում են ունեցել ԱԱԾ նոր տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ և տպավորություն են ստացել հանդիպումից, թե նա գործընթացից ոչ միայն տեղյակ չէ, այլև քայլեր չի իրականացնում այդ ուղղությամբ։

«Այդ անորոշությունն է նաև մեզ բերել այստեղ։ Եթե այդ հանդիպման ընթացքում մարդիկ հավաստիանային, որ աշխատանքների շարունակականությունն ապահովվելու է, այստեղ չէին լինի»,- ասաց Ստեփանյանը։

Նա տեղեկացրեց, որ կառավարությունից համաձայնել են ընդունել հարազատների ներկայացուցիչների փոքր խմբի, ձևավորվել է 5-հոգանոց խումբ, որը պատրաստվում է հանդիպման։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ խնդիրը քաղաքական կամքի մեջ է։

«Ադրբեջանական կողմը թե՛ գերիների, թե՛ անհետ կորածների հարցը բարձր քաղաքականացված հարցերի մեջ է պահում, որպեսզի քաղաքական առևտուր անի դրա դիմաց, հետո նոր կոնկրետ անհետ կորածների ճակատագրեր պարզեն կամ գերիներ վերադարձնեն, և դա մենք տեսել ենք նաև 2020 թվականից հետո, նաև մեզ հետ՝ Արցախի իշխանությունների հետ կոնկրետ քաղաքական առևտուր անելով․ մենք կարողացել ենք 100-ավոր անհետ կորածների մարմիններ, մասունքներ գտնել կամ գերիների վերադարձնել»,- ասաց Բեգլարյանը։

Նրա կարծիքով՝ վաշինգտոնյան նախաստորագրված համաձայնագրից հետո, երբ պաշտոնական Երևանն ու Բաքուն համապատասխան հանձնառություն են ստացել, որևէ խոչընդոտ չկա, որ Երևանը պահանջի գործի դնել մեխանիզմները։ Երկու երկրների լիազոր մարմինները պետք է բանակցություններ սկսեն, փրկարարական խմբեր կամ հարազատները գնան, իրենց հայտնի հատվածներում որոնողական աշխատանքներ իրականացնեն։

«Ադրբեջանը պետք է իր ունեցած տեղեկությունները փոխանցի, Հայաստանը` իրենը, և հնարավորինս արագ կերպով և՛ 2023թ․ և՛ 1990-ականների անհետ կորածների, ինչպես նաև գերիների հարցը պետք է լուծվի»,- ասաց Բեգլարյանը։

Նա շեշտեց՝ այս երկուսը հումանիտար կարևորագույն հարցեր են, որոնք անտեսվել են նախաստորագրված համաձայնագրով։

Հիշեցնենք` անհետ կորածների և գերեվարվածների հարազատները հունիսի 18-ին նախ բողոքի ակցիա արեցին ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով, որ Արմեն Աբազյանը վերականգնվի ԱԱԾ տնօրենի պաշտոնում, հետո փակեցին Բաղրամյան պողոտան։

Sputnik Արմենիա