Логотип

ԱԴԾ․ Ադրբեջան-Դաղստան սահմանին Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալ է ձերբակալվել

Դաղստանի և Ադրբեջանի սահմանին ձերբակալվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության համար աշխատող մի օտարերկրացի, որը պետք է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի աշխատակցից գողացված գաղտնի փաստաթղթերն ուղարկեր Ուկրաինա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։

«ՌԴ ԱԴԾ–ն Դաղստանի Հանրապետության «Յարագ-Կազմալյար» ավտոմոբիլային անցակետում ձերբակալել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) կողմից հավաքագրված, 1989 թվականին ծնված օտարերկրացու` Ռուֆուլլաև Յադուլլա Ռամիզ օղլու անունով։ Նա պատրաստվում էր հատել ռուս-ադրբեջանական սահմանը և Ռուսաստանի տարածքից դուրս բերել ծառայողական նյութեր, որոնք ձեռք էին բերվել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի գաղտնի տեղեկությունների տիրապետող անձի վրա հարձակման հետևանքով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ձերբակալվածը խոստովանել է, որ Ուկրաինայում բնակվող և Ուկրաինայի անվտանգության ծառայության համար աշխատող իր հարազատ եղբոր` 1981 թվականին ծնված Ռուֆուլլաև Սաբուհի Ռամիզ օղլուի ցուցումով Կուրգանի շրջանի թաքստոցից վերցրել է փաստաթղթեր և բջջային հեռախոս՝ դրանք հետագայում Ուկրաինա տեղափոխելու նպատակով։

Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ ուղղված գործողություններում թշնամուն օժանդակելու հոդվածով, որը մինչև 15 տարվա ազատազրկում է նախատեսում։

Օպերատիվ-որոնողական և քննչական գործողություններ են իրականացվում հանցագործությունների կազմակերպմանը և կատարմանը առնչություն ունեցող բոլոր անձանց բացահայտելու, ինչպես նաև պատվիրատուներին գտնելու ուղղությամբ։

Sputnik Արմենիա