Հայաստանում անշարժ գույքի գրանցման գործընթացը կտրուկ կարագանա և կդառնա ամբողջությամբ թվային։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։
Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան գնորդներին և վաճառողներին առցանց կնքել պայմանագրերը և գրանցել սեփականության իրավունքը՝ օգտագործելով «ԵսԵմ» նույնականացման համակարգն ու թվային ստորագրությունը։
Թովմասյանի խոսքով՝ այս նոր համակարգը թույլ կտա կողմերին ստորագրել փաստաթղթերը իրենց համակարգիչներից կամ հեռախոսներից՝ առանց Կադաստրի գրասենյակներ այցելելու անհրաժեշտության։ Նա բացատրել է, որ պայմանագիրը ստորագրելուց հետո համակարգն ինքնաբերաբար կիրականացնի գնորդի իրավունքների պետական գրանցումը և վաճառողի իրավունքների դադարեցումը։
Ներկայումս, անշարժ գույքի գրանցման արագացված գործընթացը, որը տևում է երկու ժամ, պահանջում է վեցապատիկ պետական տուրքի վճարում, մինչդեռ նոր համակարգով գործընթացը կլինի ավտոմատացված և կկրճատի ժամանակը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշել է, որ համակարգը կներդրվի փորձնական տարբերակով, ինչը զգալիորեն կթեթևացնի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և կբարձրացնի անշարժ գույքի գրանցման գործընթացի արդյունավետությունը։
Verelq.am