Логотип

Կառավարությունը ավելի քան 3 մլն դոլարի պայմանագիր կկնքի ամերիկյան ընկերության հետ

ՀՀ կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ Ստոկհոլմի արբիտրաժում քննվող գործով իր շահերը պաշտպանելու համար ՀՀ բյուջեից 3,25 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի ամերիկյան Arnold & Porter ընկերության հետ պայմանագիր կնքելու համար, նախագիծը հավանության է արժանացել կառավարության օգոստոսի 21-ի նիստում։

Նշվում է, որ փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակում վարչապետի աշխատակազմին հատկացվելու է մոտ 1,09 մլն դոլարին համարժեք գումար՝ կառավարության պահուստային ֆոնդից։

Կառավարության դեմ ՀԷՑ-ի պետականացման հարցով արբիտրաժային հրատապ հայց ներկայացրել էր ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող Liormand Holdings Limited-ը։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։

ՀԷՑ-ի պետականացման ծրագրի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարել էր հունիսի 18-ին: Այդ նույն օրը կալանավորվել էր Կարապետյանը եկեղեցուն ուղղված իշխանությունների արշավի ֆոնին ՀԱԷ-ին աջակցող հայտարարությունից հետո: Իսկ ՀԷՑ-ի պետականացման շուրջ գործընթացները մեկնարկել էին, երբ հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։

Armenia Today