Логотип

Անդրեյ ԱՐԵՇԵՎ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՀԵՌԱՆԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻՑ

Կարծում եմ՝ Ռուսաստանը լիովին չի հեռանում և հազիվ թե հեռանա Հարավային Կովկասից, քանի որ ՌԴ-ն ինքն էլ կովկասյան երկիր է։ News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևը։

Նա պարզաբանել է, որ փոխշահավետ տնտեսական նախագծերը, որոնք Ռուսաստանը փորձում է իրականացնել տարածաշրջանում իր հարևանների հետ, երկարաժամկետ են։ «Ուրիշ բան, որ հարցի ռազմաքաղաքական և քաղաքական-դիվանագիտական կողմերը ենթակա են որոշակի ճշգրտումների։ Բայց միևնույն ժամանակ, մենք հիանալի հասկանում ենք, որ ոչինչ հավերժ չէ»,- հավելել է Արեշևը։ Փորձագետը չի բացառել, որ Բաքվի և Երևանի հետ երկխոսության սառեցումը, տարբեր գործոնների և հանգամանքների ազդեցության տակ, կարող է փոխարինվել ավելի դրական միտումներով։

Նրա կարծիքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։

«Մասնավորապես, սրացումը կապված է Ադրբեջանի բազմավեկտոր քաղաքականության հետ, որը վերջերս կողմնորոշվել է ոչ այնքան դեպի Ռուսաստան, որքան դեպի Թուրքիա և, մասամբ, դեպի Մեծ Բրիտանիա։ Բաքուն վերջինիս հետ կապված է լուրջ թելերով, այդ թվում՝ ֆինանսական և տնտեսական համագործակցությամբ։ Եվ որտեղ կա մեծ գումար, էներգետիկ և արտահանման խողովակաշարեր, որոնք British Petroleum -ի վերահսկողության տակ են, այնտեղ կա մեծ քաղաքականություն։

Երկրորդ գործոնը ռուս խաղաղապահների դուրսբերումն է Ղարաբաղից և Բաքվի պայմաններով ղարաբաղի հարցի ընդհանուր փակումը, որն ամրապնդել է այդ երկրի դիրքերը Մոսկվայի հետ երկխոսության մեջ։

Երրորդ գործոնը մի շարք միջադեպեր են, դրանց թվում՝ «Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի կործանումը, Եկատերինբուրգի հայտնի իրադարձությունները, Ուկրաինայում Socar նավթագազային ընկերության ենթակառուցվածքների շուրջ վերջին միջադեպերը։

Այդ ամենը Բաքվին նկատելիորեն նյարդայնացնում է։ Կարծում եմ՝ այնտեղից լսվող ռազմատենչ հայտարարությունները կհաստատվեն իրական գործողություններով», – պարաբանել է քաղաքագետը։ Միաժամանակ նա նշել է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ առևտուրն ու ներդրումները 2025 թվականին առանձնապես չեն տուժել։

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումն, ըստ Արեշևի, կարող է անդրադառնալ ռուս-հայական հարաբերությունների վրա՝ դրանց վատթարացման առումով։

«Դա կարելի է տեսնել Շիրակում ռուսական ռազմաբազայի դեմ օգոստոսի 23-ին նախատեսված բողոքի ցույցերի օրինակով։

Տպավորություն է ստեծղվում, որ այդ գործողություններին այս կամ այն կերպ աջակցում է Ադրբեջանը։ Ինչպես հայտնի է, Բաքուն պնդում է Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմաբազան։ Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև փոխգործակցության և գործողությունների համակարգման աստիճանը՝ կարծում եմ՝ այդ ուղղությամբ հետագա քայլերը բացառված չեն»,- եզրափակել է նա։

News.am