Логотип

Փաստաբանները կբողոքարկեն Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու որոշումը

Փաստաբանները կբողոքարկեն «Սրբազան պայքարի» գործով անցնող միակ կնոջ՝ Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու որոշումը։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Այսօր «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով դատական 2-րդ նիստն անցկացվեց։ Դատարանը որոշեց Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգել 3 ամսով։

«Անպայման բողոքարկելու ենք, բայց հաշվի առնելով, որ գործը քննվում է սույն դատավորի վարույթում (Կարեն Ֆարխոյան. խմբ), չենք կարող արդարադատություն ակնկալել այս դատարանից»,– ասաց Սողոյանը։

Նա դատավարությունը որակեց «խղճալի» ու խոստացավ հետագայում այս օրինակի մասին ֆիլմ նկարել, որը կպատմի, թե ինչպիսին չի կարող լինել արդարադատությունը։

Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը («հեղաշրջման գործով»)։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Sputnik Արմենիա