Логотип

Դատարանը քննում է Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու հարցը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական երկրորդ նիստի ընթացքում մեղադրյալների պաշտպաններն առաջարկեցին առաջանահերթ քննարկել Լիդյա Մանթաշյանի, Արա Ռոստոմյանի, Միհրան Մախսուդյանի և Տիգրան Գալստյանի խափանման միջոցների փոփոխման հարցերը։

Դատավարության մասնակիցներից որևէ մեկն առարկություն չներկայացրեց։

Այս պահին սկսվել է Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննությունը։

Նշենք, որ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 18 անձ։

Ըստ մեղադրական եզրակացության, Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

News.am