Логотип

Իրանը ՌԴ-ի և ՉԺՀ-ի հետ քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում

Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ փոխգործակցության քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

Հուլիսի վերջին Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ «եվրոպական եռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) Ստամբուլում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իրանական կողմին առաջարկել է հետաձգել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը, եթե Թեհրանը կատարի որոշակի պայմաններ և իր իրավական պարտավորությունները։

«Ես չեմ բացառում, որ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը կարող է գործի դրվել։ Մենք այդ թեմայի շուրջ արդեն մի քանի տարի աշխատում ենք Ռուսաստանի և Չինաստանի հետ և համատեղ մշակել ենք միջոցառումների համալիր, որը կիրականացնենք մեխանիզմի գործարկման դեպքում», – ասել Է Արաղչին։

Նա նշել է, որ «եվրաեռյակի» հայտարարությունները սոսկ հոգեբանական ճնշում են Իրանի վրա: Նրա խոսքով՝ պատժամիջոցների վերականգնումը չի ազդի ո՛չ իրանական նավթի արտահանման, ո՛չ էլ բանկային ոլորտի վրա: Միաժամանակ Արաղչին ընդգծել է, որ նման սահմանափակումների հետևանքները կարող են լուրջ լինել Իրանի համար:

«Մենք պետք է փորձենք կանխել այդ հետևանքները։ Բայց միևնույն ժամանակ չի կարելի գերագնահատել դրանք։ Պետք չէ մտածել, որ գործի դնելով պատժամիջոցների մեխանիզմը` մեզ վրա կկիրառվեն նոր, ավելի կոշտ տնտեսական սահմանափակումներ, որոնք մենք չենք կարող դիմանալ … իսկ եվրոպացիներն իրենք են եկել այն եզրակացության, որ պատժամիջոցների վերականգնման այդ մեխանիզմի օգտագործումն այս պահին օգուտ չի բերում ո՛չ իրենց, ո՛չ էլ այլ երկրների», – ասել է Արաղչին։

Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Հիմա Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան պետք է որոշեն՝ արդյոք պետք է գործարկել ՄԱԿ-ի պատժամիջոցների այսպես կոչված ակնթարթային վերականգնման մեխանիզմը, թե ոչ։

Իրանն իր հերթին պահանջում է, որ այդ երկրները հրաժարվեն պատժամիջոցների վերականգնման գաղափարից, եթե ուզում են դեր խաղալ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Իրանցի խորհրդարանականները, որպես զսպման գործիք, օրինագիծ են պատրաստել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու համար, եթե «եվրաեռյակն» ակտիվացնի միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը, որը նախատեսված է դեռևս պաշտոնապես գործող 2015 թվականի «միջուկային գործարքով»:

Sputnik Արմենիա