Երևանը դասեր կքաղի՞ ուկրաինական իրադարձություններից
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Նախօրեին Սպիտակ տանը բանակցություններ են տեղի ունեցել Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և մի քանի եվրոպական առաջնորդների մասնակցությամբ: Ի տարբերություն փետրվարյան ձախողման, այս անգամ Զելենսկին Թրամփի հետ վիճաբանության մեջ չի մտել, այլ փորձել է առավելագույնս էմոցիոնալ արձագանքել ԱՄՆ նախագահի ցանկացած կատակի։ Իսկ ժպտացող Թրամփը Ուկրաինային անվտանգության երաշխիքներ է խոստացել, սակայն Եվրոպայի, ոչ թե ԱՄՆ-ի կողմից։
Սպիտակ տան հանդիպումը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի Ալյասկայում կայացած բանակցությունների անմիջական շարունակությունն է։ Ալյասկայում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ բոլոր այն կոնստրուկցիաները, որոնք ձևավորվել էին գլոբալիստների կողմից 2022 թվականի պատերազմից հետո, թե «Ռուսաստանը պետք է լինի միջազգային մեկուսացման մեջ», և որ «Պուտինի հետ ոչ մի բանակցություն չի կարելի վարել», բացառությամբ «նրան ուժով խաղաղության պարտադրելու», դրանք բոլորը փլուզվել են։
Մեր աչքի առաջ ծավալվում է մի իրավիճակ, որի պայմաններում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները Եվրոպայում անվտանգության ճարտարապետության շուրջ են պայմանավորվում, իսկ այդ պայմանավորվածությունները պարզապես հաստատում են եվրոպական երկրների առաջնորդները, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկին։ Պատահական չէ, որ նախօրեին Թրամփը հայտարարեց, թե «տարածքների (Ուկրաինայի) վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել միայն Զելենսկու և ուկրաինացի ժողովրդի կողմից՝ Պուտինի հետ համաձայնությամբ»։
Հարկ է հասկանալ, որ Թրամփը դիվանագիտական դասական հնարք է կիրառում՝ պատերազմի կարևոր փուլում միանում է հաղթող կոալիցիային։ Պատահական չէ, որ Թրամփը Պուտինի հետ բանակցությունների օրը զանգահարեց նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ «Դիկտատոր Լուկաշենկոյի միջազգային մեկուսացման» մասին առասպելը նույնպես մեկընդմիշտ փլուզվեց Թրամփի կողմից։
Նման պայմաններում չի կարելի բացառել այն տարբերակը, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ը կփորձեն համակարգել իրենց գործողությունները նաև Մեծ Եվրասիայի այլ հատվածներում, հատկապես կարևոր տրանսպորտային հանգույցների կետերում։ Այս համատեքստում տրամաբանական կլիներ ենթադրել, որ ինչ-որ մի ժամանակահատվածում Պուտինն ու Թրամփը կքննարկեն իրավիճակը նաև Հարավային Կովկասում, ինչպես նաև տարածաշրջանի հաղորդակցման ուղիները։ Սյունիքի տարածքով հաղորդակցությունների շուրջ ստեղծված իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ Մոսկվան, շրջանցելով Երևանն ու Բաքուն, կարող է Վաշինգտոնի հետ պայմանավորվել հաղորդակցությունների շուրջ։ Ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայի և ԵՄ-ի հարցում։
Վերադառնալով այն թեմային, որ Թրամփը միանում է հաղթողների կոալիցիային, նշենք նաև հարավկովկասյան իրողությունների մեկ այլ կարևոր բաղադրիչ. մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շարունակում է թափ հավաքել (օգոստոսի 19-ի գիշերը ՌԴ-ն ուկրաինական Կրեմենչուգում կրկին ոչնչացրեց ադրբեջանական նավթ վերամշակող ենթակառուցվածքը)։ Ռուսաստանը բոլոր հնարավորություններն ունի հաղթող դուրս գալու նաև այս հակամարտությունից։ Եվ միանգամայն սպասելի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս այստեղ կմիանան հաղթող կողմին։ Ի՞նչ կանի այս դեպքում Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ կանեն նրա հովանավորները՝ գլոբալիստները, ի՞նչ կանի Իլհամ Ալիևը, ի՞նչ կանի Մասուդ Փեզեշքիանը. դրանք արդեն բոլորովին այլ հարցեր են։
Մտածե՛ք այդ մասին․․․»։