Փաշինյանը բոլորից ներողություն է խնդրում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չէ, բայց բոլորից ներողություն է խնդրում։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր գրառմամբ վարքագծի կանոն է խախտել։

«ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել ԿԿՀ-ն»,–գրել է նա։

Չնայած ներողությանը Փաշինյանը շարունակել է պնդել, որ դրանց հետ ասոցացված քաղաքական, հոգևոր և բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը և այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իր կամքը անսասան են, որովհետև, ըստ նրա, դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական, հոգևոր անվտանգության համար։

 «Իսկ հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ։ Քաղաքական և պետական նորոգման համատեքստում կարևոր է հանդուրժողականությունը և հարգանքը պետական, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ինչը և այսպիսով դրսևորում եմ»,–իրա արարքը գնահատել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի նկատմամբ վարույթ էր հարուցել հունիսի 2-ին` աղմկահարույց գրառումից երեք օր հետո։ Վարույթի հարուցման մասին որոշումը հանձնաժողովը հունիսի 5-ին ուղարկել է Փաշինյանին՝ միաժամանակ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ՝ վարույթի շրջանակներում քննվող փաստական հանգամանքների վերաբերյալ։

Հանձնաժողովը, գնահատելով գործում առկա ապացույցները, եզրակացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առկա է վարքագծի կանոնի խախտում։

Sputnik Արմենիա