Ռուբիո․ Ուկրաինայի հարցով գործարքի համար յուրաքանչյուր կողմ ստիպված կլինի զիջումների գնալ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղ համաձայնագիր կնքելու համար կողմերից յուրաքանչյուրը պետք է ինչպես ինչ-որ բան ստանա, այնպես էլ ինչ-որ բան զոհաբերի։

«Գործարք կնքելու միակ միջոցն այն է, երբ յուրաքանչյուր կողմ ինչ-որ բան է ստանում և ինչ-որ բան զոհաբերում։ Դա շատ դժվար է։ Եթե հեշտ լիներ, պատերազմը երեքուկես տարի չէր տևի», — ասել է նա ABC հեռուստաալիքի կիրակնօրյա եթերում։

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով Վլադիմիր Զելենսկին վաղը կմեկնի ԱՄՆ։

Միաժամանակ Ռուբիոն նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հրադադարը կմնա օրակարգում, բայց վերջնական նպատակը լիարժեք խաղաղության համաձայնագիրն է։

Միաժամանակ, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն պայմանավորվել են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին, բայց հիմա ամեն ինչ կախված է Կիևից։

«Մենք կարողացանք հասնել հետևյալ զիջմանը. Միացյալ Նահանգները կարող էր առաջարկել 5-րդ հոդվածը, օրինակ՝ պաշտպանությունը, ինչն էլ իրական պատճառներից մեկն է, թե ինչու է Ուկրաինան ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին։ Մեզ հաջողվել է շրջանցել դա և պայմանավորվել, որ Միացյալ Նահանգները կարող է 5-րդ հոդվածի տիպի պաշտպանություն տրամադրել, և սա առաջին դեպքն էր, երբ մենք լսեցինք ռուսների համաձայնությունը», — հայտարարել է Ուիտկոֆը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և ՌԴ-ի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բանակցությունը։

Նա նշել է, որ զիջումները, որոնց համաձայնել է Ռուսաստանը, այն է, որ չգրավի ամբողջ Ուկրաինան։ Խոսքը Ուկրաինայի հինգ մարզերի մասին է։ Ուիտկոֆի խոսքով՝ խոսքը նաև եվրոպական այլ երկրների վրա ՌԴ-ի չհարձակվելու և նրանց ինքնիշխանությունը չխախտելու պարտավորության օրենսդրական ամրագրման մասին է»։

«Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հիմնական հարցը տարածքների փոխանակումն է։ Մենք մտադիր ենք քննարկել այդ հարցը վաղը։ Հուսով եմ, որ մենք որոշակի հստակության կհասնենք այս հարցում, և հուսով եմ, որ այս ամենը շատ շուտով կավարտվի խաղաղ գործարքով», — ասել է նա։

Թրամփի հատուկ բանագնացը հավելել է, որ ԱՄՆ-ն Կիևին հնարավոր տարածքային զիջումների վերաբերյալ որոշումներ չի պարտադրում, բանակցություններում հանդես է գալիս միայն որպես միջնորդ: Նա հույս ունի, որ Վաշինգտոնին կհաջողվի կազմակերպել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդների հետ զրույցում ենթադրել է, որ ՌԴ ղեկավարությունը դեմ չի լինի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելուն:

Ինչպես հաղորդել է CNN-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյայի, Թրամփի և եվրոպացի առաջնորդների միջև բանակցությունները մասամբ վերաբերել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի ոճով, խաղաղության համաձայնագրի դեպքում Եվրոպայի և Միացյալ Նահանգների աջակցությամբ։

Sputnik Արմենիա