Ի՞նչ տվեցին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը. հայ-ադրբեջանականը, հայ-ամերիկյանը, եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ամերիկյանը: Իշխանության կուսակցության քարոզիչները վեր-վեր են նետում թասակներն ու պնդում, թե այդ փաստաթղթերն առաջին հերթին խաղաղություն են բերել Հայաստանին…
Հիմա, երբ կրքերը հանդարտվել են, գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ գործ ունենք տիպիկ մանիպուլյացիայի հետ, և նույնիսկ Հ1-ի հարցումներն են վկայում, որ հանրապետության քաղաքացիները, մեղմ ասած, թերահավատորեն են վերաբերվում իշխող թիմի էյֆորիկ պնդումներին։
Իրոք որ. եթե «խաղաղության» տակ նկատի է առնվում հայ-ադրբեջանական զինված հակամարտության ավարտը, որը, ինչպես սիրում են կրկնել «Քաղաքացիական պայմանագրի» և Փաշինյանի կողմնակիցները, ձգվել է 35 տարի, ապա փաստերն այլ բան են ասում: Զինված հակամարտությունը դադարեց 2023թ. սեպտեմբերի վերջին, այն բանից հետո, երբ Ալիևը էթնիկ զտում իրականացրեց Լեռնային Ղարաբաղ-Արցախում…
Փաստացի դրանից հետո ռազմական գործողությունները դադարեցին, քանի որ Ալիևը լուծեց իր ռազմական խնդիրները, իսկ Հայաստանը պատերազմ վերսկսելու մտադրություն չուներ։ Դա չի նշանակում, թե Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պահանջները դադարել են։ Պարզապես մնացած խնդիրները, ըստ Ալիևի, ռազմական միջամտության կարիք չունեն, այլ նպատակներին ներկայիս իրավիճակում նա մտադիր է հասնել դիվանագիտական ճնշմամբ։ Ինչպես բազմիցս ասել է նա, ադրբեջանցիները Հայաստան կվերադառնան «ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։
Այսպիսով, 2020-ի 44-օրյա պատերազմի և 2023-ի սեպտեմբերին Արցախի էթնիկ զտման շրջանում լուծելով իր խնդիրները՝ Ադրբեջանը դադարեցրեց ռազմական գործողությունները, և Հայաստանի համար վրա հասավ այն խաղաղությունը, որով այդքան հպարտանում են իշխող կուսակցության քարոզիչները։ Նշենք ևս մեկ անգամ. բաղձալի խաղաղությունը Հայաստանի համար եկավ ոչ թե Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի արդյունքում, այլ 2023-ի սեպտեմբերին հայկական Արցախի ոչնչացման հետևանքով… 2020-ից 2023 թվականներն ընկած ժամանակահատվածում 5 հազար կյանքի կորուստն ու հայկական Արցախի ոչնչացումը այն գինն է, որ վճարել է Հայաստանը խաղաղության համար, որով հպարտանում է Փաշինյանը։
Ոմանք կարող են ասել, թե խաղաղությունը փաստաթղթով ամրագրված չէր։ Հիմնված էր, այսպես ասած, Ալիևի ազնիվ խոսքի վրա, իսկ այ Վաշինգտոնից հետո … Բայց այստեղ նույնպես մանիպուլյացիա է։ Ինչպես հայտնի է,գեթ մեկ թղթի կտոր անգամ Հայաստանը չի ստացել։ Ոչ հարատև թուղթ, որի ճակատագիրը կախված կլինի տարածաշրջանային և արտատարածաշրջանային տարբեր գործընթացներից, նույնիսկ դա Հայաստանը չի ստացել Վաշինգտոնում։ Ադրբեջանի պայմանը մնում է ուժի մեջ. միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո է Ալիևը խոստանում խաղաղության պայմանագիր կնքել: Թրամփի հանդեպ նրա ընդգծված քծնանքով հանդերձ՝ Ադրբեջանի նախագահը չհանեց իր պայմանը։
Այսպիսով, Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը խաղաղության հետ կապ չունեն. ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե… Այդ դեպքում ինչի՞ մասին է Վաշինգտոնում Թրամփի, Փաշինյանի և Ալիևի ստորագրած եռակողմ հռչակագիրը: Այն մասին, որ Ալիևի կողմից հետևողականորեն առաջ մղվող «Զանգեզուրի միջանցքի» թեման կյանքի ուղեգիր ստանա. այսուհետ դա պաշտոնապես մտցվեց միջազգային առօրյա գործածության մեջ, թեկուզև «Թրամփի ճանապարհ» ցուցանակի տակ։
Այսինքն այսուհետ միջազգային պայմանագրային մակարդակով ճանաչված է, որ Հայաստանը պարտավորություն ունի իր տարածքով ապահովել անարգել տարանցում, որը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները նրա նախիջևանյան ինքնավարության հետ։ Սա է Վաշինգտոնում ստորագրված Հռչակագրի գլխավոր բաղադրիչը, ուստի հասկանալի է Ալիևի ուրախությունն այն առթիվ, որ իրեն հաջողվեց միջազգային բարձր մակարդակի հասցնել Ադրբեջանին «միջանցք» տրամադրելու Հայաստանի հանձնառության մասին իր պնդումը։ Զուգահեռաբար ստանալով նաև բոնուսներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, պետություններին Ադրբեջանին զենք վաճառելն արգելող 907-րդ շտկման չեղարկման և մի շարք այլ հարցերի տեսքով։
Ինչ վերաբերում է իշխող կուսակցության և անձամբ Փաշինյանի կողմից ակտիվորեն քարոզվող այն պնդումներին, թե Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի արդյունքում Հայաստանը կսկսի բարգավաճել աննախադեպ տեմպերով, կդառնա արհեստական բանականության և այլընտրանքային էներգետիկայի զարգացման կենտրոն, կվերածվի «խաղաղության խաչմերուկի», որի միջով կձգվեն ոչ միայն ճանապարհներ, այլև նավթամուղներ, գազատարներ և էլի սատանան գիտի, թե ինչեր…
Դրախտային ապագայի բոլոր այդ գեղեցիկ խոստումներն իրենց ճնշող մեծամասնությամբ բացառապես թուրքահպատակի որդի Օստապ Իբրահիմովիչ Բենդեր-բեյի հայտնի ծրագրերի ոգով են, որը սպառնում էր հաշված տարիների ընթացքում վերածել գավառական քաղաքը համաշխարհային կենտրոնի՝ Նյու Վասյուկի հպարտ անունով… Ճիշտ է, ընկեր Բենդերի բլեֆը արագ բացահայտվեց, և նա միայն հրաշքով խուսափեց ոչ միայն բռունցքներից, այլև աքացիներից, բայց մեծ կոմբինատորի գործը հավերժ է, և «Քաղաքացիական պայմանագրի» քարոզիչները՝ անձամբ քաղաքացի Փաշինյանի ղեկավարությամբ, դրա լավագույն օրինակն են։
Ինչի՞ համար էին պետք վաշինգտոնյան պայմանավորվածությունները ՔՊ-ին և Փաշինյանին։ Այստեղ ամեն ինչ պարզ է. որ իրենց ընտրարշավը ինչ-որ բանի վրա կառուցելու հնարավորություն ունենան։ Դե, հո «տերտերների դավադրության» վրա չեն կառուցելու, ի վերջո։