Հայաստանի ինքնիշխանությունը շարունակում է մարել
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Պարզվում է, որ Իրանի և Ռուսաստանի համար տնտեսական շահ ապահովելու նպատակով Հայաստանը պետք է հանձներ Արցախն ու միջանցքը Սյունիքի տարածքով։ Այս եզրակացության կարելի է հանգել՝ ծանոթանալով Նիկոլ Փաշինյանի՝ Fox News-ին տված հարցազրույցում արված հայտարարությանը։
Փաշինյանը հայտարարել է, որ նոր տարանցիկ միջանցքը՝ «Թրամփի երթուղին», շահավետ կլինի թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համար։ «Օրինակ՝ Իրանը մուտք կունենա Պարսից ծոցից մինչև Սև ծով ձգվող երկաթուղի, իսկ Ռուսաստանն ու Իրանը կկարողանան երկաթուղային հաղորդակցություն ունենալ, որը կմիացնի երկու երկրները», — հայտարարել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի կողմից ստորագրված հայտարարության մեջ կա երկու կետ՝ նվիրված Հայաստանի տարածքով անցնող միջանցքին։ Եռակողմ հայտարարության երրորդ և չորրորդ կետերը հետևյալն են. «Այդ ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ (…) Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («TrumpRoute for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։
Այստեղ կարևոր է այն փաստը, որ ՀՀ տարածքով անցնող միջանցքի մասին հայտարարությունն ունի եռակողմ բնույթ, այսինքն՝ միջանցքը հանձնվում է թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Ադրբեջանին։ Թույլ տալով, որ այս կետը ներառվի եռակողմ հռչակագրում, այլ ոչ թե օգոստոսի 8-ին Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված երկկողմ փաստաթղթերի փաթեթում («Խաղաղության խաչմերուկ» նախագծի ներուժի զարգացման գործընկերության մասին», «Արհեստական ինտելեկտի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին», «Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին»), Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին դարձրեց ՀՀ տարածքով անցնող հաղորդակցության բաժնետեր։
Այսօր Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը աշխատանքային խմբեր կստեղծեն հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակներում։ Խուդաթյանը խուսափել է վերահսկողության և մաքսային ընթացակարգերի մասին հարցից՝ միայն հավաստիացնելով, որ ճանապարհը կլինի Հայաստանի իրավասության ներքո «դրանից բխող բոլոր տեխնիկական և բովանդակային հարցերով»։
Հաշվի առնելով վերոնշյալը, օրինաչափ է հետևյալ հարցը. կարո՞ղ է արդյոք Նիկոլ Փաշինյանը երաշխավորել, որ Բաքուն չի պահանջի արգելել Ռուսաստանի և Իրանի մուտքը Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությանը։ Իսկ Ալիևը կարող է նման բան պահանջել ոչ միայն Թեհրանի և Մոսկվայի հետ հարաբերությունների սրման պատճառով, այլ նաև որպես մի սուբյեկտի իրավունքով, ով Փաշինյանի հետ համատեղ ստորագրել է Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության մասին այս փաստաթուղթը։
Մտածե՛ք այդ մասին․․․»:
Alpha News